ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ելույթը 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ

Մեծարգո Պարոն Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ,

Հաշված օրեր են մեզ բաժանում 2017 թվականից, և արդեն նախնական կարող ենք ամփոփել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ձեռքբերումները: 2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը:

Կենտրոնական բանկի համար կարևորագույն գնահատական է վստահությունը, ինչը ձեռք է բերվում հետևողական աշխատանքի շնորհիվ: Վստահության շնորհիվ է նաև, որ հասարակության մոտ առկա գնաճային սպասումներն էապես նվազել են: Գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար: Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը 2015 թվականի դեկտեմբերից աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:

Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ:

Բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է.

  1. Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով:
  2. Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով:
  3. Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը: Տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը:

Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Տարին նշանավորվեց նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում.

  • ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները,
  • ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր,
  • ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը,
  • գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը,

2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը:

Այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով:

Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին:

Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին: Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը:

Ֆինանսական Կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը:

Ամփոփելով, կցանկանայի նշել նաև, որ Կենտրոնական բանկի անձնակազմը արդյունավետ աշխատելու պատասխանատվության զգացումով ու պատրաստակամությամբ է մուտք գործում 2017 թվական: Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ:

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի: