ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ելույթը 2008 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ

Մեծարգո պարոն Նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր,

Ահա և ավարտին է մոտենում 2008 թվականը: Անցնող տարին բավականին բուռն էր, իրադարձություններով և փորձություններով լի` ինչպես հայաստանյան, այնպես էլ ողջ աշխարհի ֆինանսական համակարգերի համար: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին և դրանից բխող անցանկալի հետևանքներին` Հայաստանյան ֆինանսական համակարգը 2008 թվականին ունեցավ նշանակալի զարգացումներ` ինչպես համակարգի քանակական և որակական ցուցանիշների բարելավման, այնպես էլ ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից:

Նախ ինչ վերաբերվում է Կենտրոնական բանկի հիմնական խնդրին. այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովմանը, ապա թույլ տվեք արձանագրել, որ մեր նախնական գնահատումներով, հաշվետու տարում ապահովվել է նախապես հայտարարված գնաճի մակարդակի նպատակային թիրախը. նախնական, դեռևս ոչ պաշտոնական, գնահատումներով գնաճը տարեվերջին կկազմի 5.2 - 5.5%:

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության 2008 թվականի կարևորագույն ձեռքբերումներն են.

  1. 2008 թվականի ընթացքում համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումների ներքո Կենտրոնական բանկին հաջողվել է գնաճը պահպանել կառավարելի մակարդակի շրջանակներում և տարեվերջին ապահովել գնաճի նպատակային թիրախը: Կարելի է փաստել, որ Հայաստանն այն հազվագյուտ երկրներից մեկն է, որին հաջողվել է ապահովել նախապես հայտարարված գնաճի նպատակային թիրախը:
  2. 2008 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության իրականացման գործառնությունները զգալիորեն նպաստել են տոկոսադրույքի փոխանցման լծակի արդյունավետության բարելավմանը, ինչը հանդիսանում է գնաճի կառավարելիության բարձրացման կարևոր նախապայմաններից մեկը:
  3. 2008 թվականի ընթացքում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացումը նոր որակներ է ձեռք բերել, ինչն արտահայտվեց ինչպես պետական պարտքի և բանկային իրացվելիության կոորդինացված կառավարման տեսանկյունից, այնպես էլ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման առումով:
  4. Կարելի է փաստել, որ Կենտրոնական բանկի քաղաքականության թափանցիկությունը և հրապարակայնությունն արդեն իսկ 2008 թվականին գրեթե ամբողջությամμ համապատասխանում է միջազգային չափանիշների պահանջներին:

Այժմ անդրադառնանք ֆինանսական համակարգի վերահսկողության և կարգավորման ոլորտներում 2008 թվականին տեղ գտած ձեռքբերումներին.

Նախ, ֆինանսական համակարգի քանակական և որակական ցուցանիշների առումով հատկանշական է, որ Հայաստանի ֆինանսական համակարգի 91% ակտիվների մասնաբաժնով խոշորագույն մասնակից համարվող բանկային համակարգը տարեվերջին հատեց 1.0 տրլն դրամ ակտիվների ծավալային շեմը: Այսպես, տարվա ընթացքում բանկային համակարգի ակտիվներն աճելով 33%-ով` տարեվերջին արդեն կազմեցին 1 տրլն 16 մլրդ դրամ, ընդ որում, եթե փաստենք, որ 1998 թվականի վերջին բանկային համակարգի ակտիվների ծավալը կազմում էր 160 մլրդ դրամ, ապա կարելի է արձանագրել, որ վերջին 10 տարիների ընթացքում համակարգի ակտիվների ծավալն աճել է 6.5 անգամ:

Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին` ՀՀ բանկային համակարգը նույնիսկ օտարերկրյա ներդրողի համար համարվելով բավականին կայուն, ապահովեց օտարերկրյա ռեսուրսների բավականաչափ ներհոսք: Այսպես.

  • տարվա ընթացքում 10 բանկերի կողմից, որոնց բաժնետերերը հիմնականում օտարերկրյա ֆինանսական հաստատություններ են, ապահովվեց կանոնադրական հիմնադրամի 34 մլրդ դրամ աճ.
  • միաժամանակ տարբեր ծրագրերի շրջանակներում օտարերկրյա ֆինանսական հաստատություններից հայաստանի բանկային համակարգ 2008 թվականին մուտք գործեց 71 մլրդ դրամի չափով միջոցներ:
  • Վերոնշյալ միջոցները ամբողջովին ներդրվել են տնտեսության վարկավորման մեջ, և արդյունքում այս տարի դարձյալ պահպանվել են 2007 թվականից ձևավորված վարկերի արագընթաց աճի միտումները. վարկերն աճել են 51%-ով կամ 210 մլրդ դրամով: Հատկանշական է, որ չնայած վերջին 2 տարիների վարկավորման աճի բարձր տեմպերին, և չնայած համաշխարհային ֆինանսական համակարգի վարկերի որակի օրեցօր վատթարացմանը` Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակը շարունակում է մնալ μարձր. այսպես՝ ստանդարտ դասի վարկերի տեսակարար կշիռն ընդհանուրում տարեվերջին կազմել է 96.1%:

2008 թվականին բանկային համակարգը աշխատել է շահույթով և վերջինիս տարեկան զուտ շահույթը կազմել է 27.0 մլրդ դրամ, ինչը 30%-ով ավելին է քան 2007 թվականի շահույթը:

Ի լրումն ֆինանսական ցուցանիշների աճերի` ՀՀ ֆինանսական համակարգում տեղի են ունեցել նաև մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ.

Անդրադառնալով ՀՀ ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանություն ոլորտում իրականացված բարեփոխումներին, նշենք որ 2008 թվականին ընդունվել են երեք հիմնարար օրենքներ. Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին, Սպառողական կրեդիտավորման և Ավանդների ներգրավման մասին ՀՀ օրենքները:

Օրենքների ընդունման արդյունքում.

  • 2009 թվականի հունվարի 24-ից կգործի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որը իրավասու կլինի ընդունել սպառողների պահանջները, քննել դրանք և որոշում կայացնել բացարձակապես անվճար հիմունքներով.
  • Վարկավորման ոլորտում` սպառողների համար կբացահայտվի որոշակի տեղեկատվություն, այդ թվում` նաև տարեկան փաստացի տոկոսադրույքը.
  • Ավանդների ներգրավման ոլորտում` սպառողներին անվճար կտրամադրվեն տեղեկատվական ամփոփագրեր (բրոշյուր, բուկլետ, թերթոն և այլն) և նրանց համար կհրապարակվեն տարեկան փաստացի եկամտաբերության չափը, իսկ ավանդատու սպառողների իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում, ավանդակալը ավանդատուին կվճարի օրենքով հաստատված որոշակի գումար:

Համահայկական բանկի վերաբերյալ. 2008 թվականին մշակվել են Համահայկական բանկի մասին և Զարգացման ֆինանսական կազմակերպության ստեղծման հայեցակարգերը: Օրերս ընդունվել է Համահայկական բանկի մասին օրենքը: Նախատեսվում է, որ 2009 թվականին նշված կազմակերպությունները կծավալեն իրենց գործունեությունը: Այս կազմակերպությունների ստեղծումը նպատակ է հետապնդում ձևավորել արդյունավետ ենթակառուցվածք՝ Հայկական աշխարհում զարգացմանն ուղղված μիզնես ներդրումների իրականացման համար:

Արժեթղթերի շուկայի վերաբերյալ. 2008 թվականին Հայաստանի արժեթղթերի շուկայում նկատվեց որոշակի ակտիվություն: Տեղի ունեցան կորպորատիվ պարտատոմսերի թվով 11 թողարկումներ: Պարտատոմսերի մեծ մասը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում, որը 2008 թվականի սկզբից ներառված է NASDAQ OMX-ի կառավարման կառուցվածքում և մաս է կազմում NASDAQ OMX-ի Նոր Շուկաներ բիզնես միավորի: Առկա են μոլոր նախադրյալները, որ 2009 թվականին տեղի ունենա առաջին IPO-ն` բաժնետոմսերի հրապարակային առաջարկը: Ներկայումս NASDAQ OMX-ի հետ համատեղ աշխատանքներ են տարվում Հայաստանի ֆոնդային բորսայում առանց ակտիվների նախնական դեպոնացման առևտրի ներդրման ուղղությամբ:

2008 թվականին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են ակտիվների արժեթղթավորման ոլորտը կարգավորող` Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին և Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին ՀՀ օրենքները: Ոլորտի զարգացման նպատակով աշխատանքներ են իրականացվում ՀՀ-ում հիփոթեքային ընկերությունների ստեղծման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակման փուլում է գտնվում Հիփոթեքային ընկերության ստեղծման հայեցակարգը:

Ապահովագրության շուկայի վերաբերյալ. Հայաստանում առողջապահական թափանցիկ և արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման նպատակով առողջության ապահովագրության զարգացման տեսանկյունից մշակվել է առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական շտեմարանի ներդրման հայեցակարգը: Սա ենթադրում է հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ բժշկական տեղեկատվության հավաքագրում, պահպանում և օգտագործում համապատասխան մասնագետների կողմից:

2008 թվականի ընթացքում վերջնականապես սկսել է գործել ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգը ապահովագրական ռեգիստրը: Ապահովագրական ոլորտում կարևոր իրադարձություն հանդիսացավ նաև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որը շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հատկանշական է նաև, որ այս տարի հայաստանյան ապահովագրական շուկա են մուտք գործել օտարերկրյա կապիտալով 3 ապահովագրական ընկերություն. մասնավորապես Ալֆա-Ինշուրանս, Ռոսգոսստրախ-Արմենիա և Յունիռեսո ընկերությունները, ընդ որում՝ վերջին երկուսը ռուսական առաջնակարգ ընկերությունների դուստր կազմակերպություններ են:

Այսպիսով, ամփոփելով ՀՀ ֆինանսական համակարգի 2008 թվականի վերոնշյալ զարգացումները, կարող ենք արձանագրել, որ անցնող տարին, չնայած միջազգային ֆինանսական համակարգի բազմաթիվ մարտահրավերներին, հայաստանյան ֆինանանսական համակարգի զարգացման և կայունության տեսանկյունից բավականին արդյունավետ էր: Ակնկալում ենք, որ գալիք տարին է′լ ավելի արդյունավետ կլինի, և հնարավորություն կտա ապահովել ՀՀ ֆինանսական համակարգի շարունակական աճն ու կայուն զարգացումը: