Երբ ռիսկը ոչ թե նվազում է, այլ` փոխվում. բանկային պորտֆելի արձագանքը մակրոպրուդենցիալ արտարժութային կարգավորմանը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Երբ ռիսկը ոչ թե նվազում է, այլ` փոխվում. բանկային պորտֆելի արձագանքը մակրոպրուդենցիալ արտարժութային կարգավորմանը
Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2025-04
Վիկտորիա Ալավերդյան, Գևորգ Մինասյան, Ալեքսանդր Շիրխանյան
Համառոտագիր
Այս հոդվածը ուսումնասիրում է՝ արդյոք մակրոպրուդենցիալ արտարժութային կարգավորումները կարող են տեղափոխել արժութային ռիսկը ֆինանսական համակարգի այն հատվածներ, որոնք ուղղակիորեն չեն թիրախավորվում նման գործիքներով։ Օգտագործելով տարբերությունների տարբերություն (difference-in-differences) մեթոդաբանությունը և մանրամասն տեղեկատվություն, որը համատեղում է վարկային ռեգիստրի տվյալները բանկերի հաշվեկշռային ցուցանիշների հետ, հեղինակները վերլուծում են, թե ինչպես են հայկական բանկերը փոխել իրենց պորտֆելները՝ արտարժութային հիփոթեքային վարկերի համար տարբերակված loan-to-value (LTV) գործիքի ներդրումից հետո։ Արդյունքները ցույց են տալիս, որ տարբերակված LTV-ի ներդրումը, արտարժութային հիփոթեքային վարկերի համար վարկավորումը խստացնելուց բացի, հանգեցրել է նաև բիզնես վարկերի դոլարիզացիայի աճին և բանկերի ակտիվներում արտարժութային պարտատոմսերի տեսակարար կշռի ավելացմանը։ Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ արտարժութային մակրոպրուդենցիալ քաղաքականությունները կարող են ոչ թե նվազեցնել, այլ վերաբաշխել արժութային ռիսկերը, ինչը ընդգծում է համակարգային լայն վերահսկողության անհրաժեշտությունը՝ կանխելու չկարգավորվող հատվածներում ռիսկերի կուտակումը։