Կենտրոնական բանկերը գլոբալ տաքացման պայմաններում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Կենտրոնական բանկերը գլոբալ տաքացման պայմաններում
Հետազոտական ամփոփագիր 2025-05
Վիկտորիա Ալավերդյան
Համառոտագիր
Կլիմայական փոփոխությունն արդեն իսկ իրականություն է և հաճախ բնորոշվում է որպես «մեր ժամանակների ճգնաժամ»։ Չնայած վերջին տարիներին իրականացվող քայլերին՝ դրա տնտեսական հետևանքների գնահատման և արձագանքման մեխանիզմների ձևավորումը ամբողջ աշխարհում դեռևս ընթացքի մեջ է։ Այս համատեքստում կենտրոնական բանկերը նույնպես կանգնած են նոր մարտահրավերների առաջ, քանի որ կլիմայական ռիսկերը կարող են ազդել ինչպես ֆինանսական հաստատությունների կայունության, այնպես էլ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի վրա։ Շատ երկրներում կենտրոնական բանկերն արդեն սկսել են մշակել միկրո- և մակրոպրուդենցիալ շրջանակներ, որոնք ընդգրկում են կլիմայական ռիսկերի ճանաչումը, գնահատումն ու կառավարումը։ Այս հետազոտական ամփոփագիրը ներկայացնում է Հայաստանի զգայունությունը կլիմայական փոփոխություն նկատմամբ, դրանց հնարավոր հետևանքները ֆինանսական կայունության տեսանկյունից, ինչպես նաև քաղաքականության արձագանքի հիմնական ուղղությունները։