Կյանքի «արժեքը» թվերով․ ինչու՞ է կարևոր այն չափել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Կյանքի «արժեքը» թվերով․ ինչու՞ է կարևոր այն չափել

Հետազոտական ամփոփագիր 2025-04

Արտյոմ Ղազարյան

Համառոտագիր

Ի՞նչ «արժեք» ունի մարդկային մեկ կյանքը տնտեսագիտության տեսանկյունից։ Թվում է՝ անհնար և էթիկապես ոչ ճիշտ հարցադրում է, սակայն շատ հաճախ հենց այս հարցին են փորձում պատասխանել կառավարությունները, երբ կանգնում են ընտրության առաջ, թե ինչպես բաշխել սահմանափակ ռեսուրսները։ Տնտեսագիտության մեջ այս գնահատման համար կիրառվում է հատուկ ցուցանիշ՝ վիճակագրական կյանքի արժեք (Value of a Statistical Life, VSL), որը ցույց է տալիս, թե որքան գումար է հասարակությունը պատրաստ վճարել մահվան կամ ծանր վնասվածքի ռիսկը նվազեցնելու համար։ Կարևոր է ընդգծել, որ այս ցուցանիշը չի նշանակում մարդու կյանքի գին, այլ գործիք է, որն օգնում է որոշել՝ արդյոք որևէ միջամտություն, օրինակ՝ նոր ճանապարհային անվտանգության ծրագիր, առողջապահապան ծառայությունների բարելավում կամ շրջակա միջավայրի պահպանության նախաձեռնություն, արդարացված է տնտեսական և սոցիալական տեսանկյունից։

Այս հետազոտական ամփոփագիրն անդրադառնում է վերոնշյալ հարցին՝ կիրառելով երեք լայնորեն ընդունված մոտեցում Հայաստանում վիճակագրական կյանքի արժեքը գնահատելու համար։ Վերլուծության արդյունքներով՝ Հայաստանում վիճակագրական կյանքի արժեքը տատանվում է 340,800-908,100 ԱՄՆ դոլարի միջակայքում՝ կախված ընտրված մեթոդաբանությունից, տվյալների աղբյուրներից և ենթադրություններից։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր ուղենիշ՝ առողջապահական, ճանապարհային անվտանգության և բնապահպանական ներդրումների տնտեսական հիմնավորման և ռեսուրսների նպատակային բաշխման համար։