Կապիտալի ընդհանուր պահանջներից ունեցած հեռավորության ազդեցությունը ՀՀ բանկերի`ռիսկի գնալու վարքագծի վրա

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 Կապիտալի ընդհանուր պահանջներից ունեցած հեռավորության ազդեցությունը ՀՀ բանկերի`ռիսկի գնալու վարքագծի վրա

Հետազոտական ամփոփագիր 2025-03

Անի Սարգսյան, Ալեքսանդր Շիրխանյան

Համառոտագիր

Բանկերի ռիսկի ախորժակը հաճախ պայմանավորված է նրանց կապիտալի մակարդակով: Զարգացած երկրների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կապիտալի պահանջների շեմից բարձր կապիտալ ունեցող բանկերը հակված են ունենալ ավելի ռիսկային վարքագիծ։ Սա բացատրվում է նրանով, որ երբ բանկերի կապիտալը գերազանցում է պահանջվող նվազագույն մակարդակը, նրանք հաճախ դրսևորում են ավելորդ ինքնավստահություն՝ ենթադրելով, թե լրացուցիչ կապիտալը կարող է ծածկել ավելի մեծ կորուստներ, ինչի հետևանքով մեծացնում են ռիսկի հանդեպ իրենց ախորժակը՝ ավելի բարձր եկամուտների ակնկալիքով։ Զարգացող երկրների վերաբերյալ ուսումնասիրությունները, հակառակը, ցույց են տալիս բացասական կապ կապիտալի պահանջներից հեռավորության և բանկերի ռիսկայնության միջև․ երբ կապիտալի մակարդակը մոտենում է պահանջվող նվազագույն շեմին, բանկերը կարող են զգալ ֆինանսական ճնշում պահուստների սահմանափակ ճկունության պատճառով՝ ունենալով համեմատաբար քիչ լրացուցիչ կապիտալ նոր հնարավորություններին արձագանքելու և ֆինանսական գործունեության ընդլայնման համար։ Այս ճնշումը կարող է դրդել բանկերին ավելի բարձր ռիսկային գործողությունների կամ ներդրումների՝ վերջիններիս շահութաբերության մակարդակը պահպանելու կամ նույնիսկ ավելացնելու ակնկալիքով։ Հաշվի առնելով այս դիտարկումները՝ հետաքրքիր է ուսումնասիրել, թե Հայաստանում ինչպիսի կապ գոյություն ունի բանկերի՝ կապիտալի ընդհանուր պահանջներից եղած հեռավորության և նրանց ռիսկի ախորժակի միջև: