Եկամուտների անհավասարաչափ բաշխման պայմաններում տնտեսության ճյուղային զարգացումների ամբողջական պահանջարկի փոխազդեցությունները
ԱՓ 08/02-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Եկամուտների անհավասարաչափ բաշխման պայմաններում տնտեսության ճյուղային զարգացումների ամբողջական պահանջարկի փոխազդեցությունները
Արթուր Նախշիկյան և Վահագն Մելիք-Փարսադանյան
Ներածություն
Մեզանում տարածված է այն միտքը, որ եկամուտների հավասարաչափ բաշխումը նպաստում է տնտեսական աճին: Սակայն, թե՛ գիտական աշխարհում և թե՛ փորձագիտական վերլուծությունների արդյունքում չի ձևավորվել միանշանակ կարծիք այն մասին, թե եկամուտների բաշխումը ինչպիսի ազդեցություն ունի տնտեսական աճի վրա: Մասնավորապես, ըստ դասականների եկամուտների անհավասար բաշխումը դրական է ազդում տնտեսական աճի վրա, իսկ ըստ Քեյնսի` այն ունի բացասական ազդեցություն:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ եկամուտների անհավասարությունը էական ազդեցություն ունի ամբողջական պահանջարկի կառուցվածքի վրա: Եվ անհավասարության ազդեցությունը տնտեսական աճի վրա դիտարկվում է միջնորդավորված՝ սպառման և ներդրումների ցուցանիշներով: Այսինքն, նախ դիտարկվում է անհավասարության ազդեցությունը սպառման և ներդրումների վրա, ապա՝ դրանց ազդեցությունը տնտեսության հետագա զարգացումների վրա:
ՀՀ ԿԲ կողմից իրականացվող ֆինանսական ծրագրավորման շրջանակներում տնտեսության իրական մասնավոր սպառումը և իրական մասնավոր ներդրումները կանխատեսվում են՝ դրանք կախվածության մեջ դիտարկելով իրական ՀՆԱ-ի կանխատեսված մակարդակից: Կանխատեսումներն իրականացվում են ADL (Autoregressive Distributed Lags) ռեգրեսիոն մոդելի միջոցով: ՀՆԱ-ն իր հերթին կանխատեսվում է ըստ տնտեսության առանձին ճյուղերի: Յուրաքանչյուր ճյուղի համար կանխատեսվում է տվյալ ճյուղի ավելացված արժեքը այնուհետև հաշվարկվում է ՀՆԱ-ն: