ՀՀ-ում գյուղատնտեսական վարկերի պահանջարկի գնահատման նպատակով կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցման արդյունքների ամփոփում
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Վիճակագրության վարչություն
ՀՀ-ում գյուղատնտեսական վարկերի պահանջարկի գնահատման նպատակով Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցման արդյունքների ամփոփում
Համաձայն ԱՎԾ տվյալների՝ 2004թ. գյուղատնտեսության ճյուղի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 21.3%: Մինչդեռ 2004թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսությանը տրամադրված վարկերը կազմել են տնտեսության բոլոր ճյուղերին տրամադրված միջոցների ընդամենը 12.7%-ը:
Նման իրավիճակի ձևավորումն ունի մի քանի պատճառներ, որոնցից հիմնականներն են՝
- Գյուղատնտեսական արտադրության խիստ բարձր ռիսկայնությունը՝ կապված բնակլիմայական պայմանների անորոշության հետ:
- Բանկերի համար ընդունելի գրավի առարկաների բացակայությունը: Մասնավորապես՝ բանկերի կողմից որպես գրավ հիմնականում ընդունվում են ավտոմեքենաները, գյուղացիական տեխնիկան, ոսկյա իրերն ու զարդերը, Երևանում գտնվող բնակարանները: Որոշ դեպքերում որպես գրավ կարող է ընդունվել նաև տան գույքը, իսկ շատ հազվադեպ՝ հողատարածքները, գյուղական վայրերում գտնվող տներն ու խոշոր եղջերավոր անասունները:
- Գյուղացիական տնտեսությունների՝ տարածքային առումով հեռու գտնվելը բանկերի մասնաճյուղերից, որի պատճառով գյուղատնտեսական վարկավորմամբ զբաղվում են հիմնականում ՀՀ մարզերում մասնաճյուղերի լայն ցանց ունեցող բանկերը:
Գյուղատնտեսական վարկերի ծավալների ընդլայնմանն ուղղված միջոցառումների մշակման համար անհրաժեշտ է նախևառաջ գնահատել այդ վարկերի իրական պահանջարկը: Այդ նպատակով ՀՀ ԿԲ վիճակագրության վարչության կողմից 2005թ. հուլիս-օգոստոսին հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններում իրականացվել է հարցում, որի տվյալների հիման վրա փորձ է արվել գնահատել գյուղատնտեսական վարկերի իրական պահանջարկի ծավալները:
Հարցումը նաև նպատակ է ունեցել բացահայտելու գյուղատնտեսական վարկավորման ոլորտում առկա խոչընդոտները, վարկերի մի շարք չափանիշների հարցում գյուղացիական տնտեսությունների նախընտրությունները: Այդպիսի չափանիշներից են՝ վարկի տրամադրման արժույթը, ժամկետայնությունը, առավելագույն տոկոսադրույքը և այլն: