Թուրքիայի մակրոտնտեսական իրավիճակը 1994-2003 թթ.
ԱՓ 08/04-06
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Թուրքիայի մակրոտնտեսական իրավիճակը 1994-2003 թթ.
Հարություն Սարգսյան, Վարդան Արամյան
Ներածություն
Զարգացող և անցումային շատ երկրներում առաջնային հիմնախնդիրը եղել և մնում է բարձր գնաճի նվազեցումը: Ի տարբերություն ցածր գնաճ ունեցող շատ զարգացող երկրների և որոշ զարգացած երկրների, որոնք ունեն դեֆլյացիայի մտավախություններ, Թուրքիայի տնտեսությունը տարիներ շարունակ տառապում է բարձր գնաճից՝ 2000-2003 թվականների միջին տարեկան գնաճը կազմել է 44.9 տոկոս: Թուրքիայի կառավարության՝ գնաճը նվազեցնելու փորձերը մինչև 2002 թվականը քիչ հաջողություն են ունեցել:
Թուրքիայի տնտեսությունը վերջին տասնամյակի ընթացքում փոքր պարբերաշրջանի մեջ է՝ իրար հաջորդող տնտեսական անկումներով և վերելքներով: Այդ պատճառով տնտեսագետների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում ճգնաժամերի հնարավոր պատճառների բացահայտումը:
Այսպես, 90-ական թվականներին անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը, որն ուղեկցվեց պետական պարտքի շարունակական աճով, ինչպես նաև միջազգային կապիտալի շուկաներից օգտվելու անբարենպաստ պայմանները երկրի ներսում ձևավորեցին բարձր իրական տոկոսադրույքներ և պարտքի իրական բեռը դարձրին անհաղթահարելի: Նշված գործոնների, ինչպես նաև տարիներ շարունակ արմատավորված բարձր գնաճի պարագայում, որը խոչընդոտում էր տնտեսության բնականոն զարգացումը, 1994 թվականին անխուսափելի էր ճգնաժամի առաջացումը:
Սղաճի նվազեցման նպատակով 1999 թվականին կառավարությունը որդեգրեց սողացող ֆիքսումով փոխարժեքի ռեժիմ: Սակայն դա նույնպես չտվեց ցանկալի արդյունք, քանի որ կառավարությունը շարունակում էր նորանոր պարտքերի կուտակումը, միևնույն ժամանակ, որոշումների կայացման գործընթացում կառավարության գերիշխող դիրքը 1999 թվականի վերջին հանգեցրեց մի նոր ճգնաժամի:
2000 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի վատացումը, ֆինանսական հատվածի անկայունությունը, բանկային համակարգի պահուստների նվազումը և քաղաքական բախումները հաջորդ ճգնաժամի առաջացման հիմքեր ստեղծեցին: 2001 թվականին կառավարությունն այլևս ի վիճակի չէր պահպանել փոխարժեքի ծրագրված մակարդակը, որին հետևեց փոխարժեքի ճգնաժամ:
Նյութում ներկայացված են նշված ճգնաժամերի, տարիներ շարունակ արմատավորված բարձր գնաճի հնարավոր պատճառները, կառավարության իրականացրած քաղաքականությունները, տնտեսությունում առկա հիմնախնդիրները և ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի ուղղվածությունները, տնտեսական տեղաշարժերի, իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքի վերլուծությունը: Նյութի վերջում ներկայացված է Թուրքիայի արտաքին առևտրի ապրանքային ու աշխարհագրական կառուցվածքը, ինպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև արտաքին առևտուրը: