Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը
ԱՓ 08/04-05
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը
Մարգարիտա Մամիկոնյան
Ներածություն
Տնտեսական ազատությունը արտադրելու, առքուվաճառք իրականացնելու, խնայողություններ և ներդրումներ անելու, իր եկամուտներից օգտվելու, իր երկրում և երկրից դուրս տնտեսավարող սուբյեկտների հետ տնտեսական կապեր հաստատելու, գներ սահմանելու և պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ ցանկացած դրամական միավոր օգտագործելու ազատությունն է՝ հիմնված մասնավոր սեփականության անձեռնմխելիության իրավունքի վրա: Շուկայի մասնակիցների տնտեսական ազատությունը սահմանափակվում է պետության, ինչպես նաև պետության հետ մրցակցող ոչ պետական մարմինների կողմից: Պետությունը տնտեսական ազատությունը սահմանափակում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ մասնավոր սեփականության բռնագրավումը, պայմանագրերի չկատարումը, տնտեսական գործունեության համար անհավասար և անկանխատեսելի փոփոխվող պայմանների ստեղծումը, ուղղակի պետական հարկավորումը, պետական կարգավորումը, արտաքին տնտեսական գործունեության հովանավորչությունը և այլն: Տնտեսական ազատության տարբեր բաղադրիչների ուսումնասիրությանը պարբերաբար անդրադառնում են մի շարք միջազգային ֆինանսական հաստատություններ, գիտահետազոտական կառույցներ (think-tanks) և ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոբանկը, Freedom House-ը, Transparency International-ը, Fraser Institute-ը և Heritage Foundation-ը: Դրանք գնահատում և հրապարակում են տարբեր երկրների տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումները նկարագրող ինդեքսներ: