Դրամավարկային քաղաքականության փոխանցման տոկոսադրույքի և փոխարժեքի լծակները ՀՀ-ում

ԱՓ 08/03-08

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ 
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն 

Դրամավարկային քաղաքականության փոխանցման տոկոսադրույքի և փոխարժեքի լծակները ՀՀ-ում 
Աշոտ Սարգսյան

Ներածություն

Դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմի բացահայտման խնդիրը սերտ կապված է սղաճի կանխատեսման խնդրի հետ: Դրամավարկային քաղաքականությանը բնորոշ են ամբողջական պահանջարկի վրա ազդեցության երկարաժամկետ լագերը: Միևնույն ժամանակ նշենք, որ ժամանակի ընթացքում այս ազդեցությունների հարաբերական չափը և ժամանակային լագերը կարող են փոփոխվել կախված տնտեսության կառուցվածքից: Այդ իսկ պատճառով արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից խիստ կարևորվում է փոխանցման մեխանիզմի ճշգրիտ պատկերացումը: Անհրաժեշտ է պատկերացնել թե դրամավարկային քաղաքականության ուղղվածության փոփոխությունները ինչպես են արտահայտվում սղաճի և տնտեսական աճի ցուցանիշներում և երբ են այս փոփոխությունները ի հայտ գալիս:

Սույն նյութի նպատակն է վերլուծել վերջին տարիների ընթացքում ՀՀ ԿԲ կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, դրա հիմքում ընկած սկզբունքները և դրանցից շեղման հիմնական պատճառները, զուգահեռներ անցկացնել վերջին տարիներին լայն ճանաչում ստացած սղաճի նպատակադրման ռազմավարության հետ, ինչպես նաև բացահայտել և գնահատել ՀՀում դրամավարկային քաղաքականության փոխանցման լծակները, դրանց ազդեցության հարաբերական չափը և ժամանակային լագերը:

Տեսությունից հայտնի է, որ դրամավարկային քաղաքականությունը ամբողջական պահանջարկի վրա ազդում է տարբեր փոխանցման լծակների միջոցով: Սույն նյութում քննարկման առարկա են դարձել դրամավարկային փոխանցման տոկոսադրույքի և փոխարժեքի լծակները: Այս փուլում մյուս լծակները առանձնացված չեն դիտարկվել, քանզի դրանք ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել որպես տոկոսադրույքի լծակից ածանցվող ազդեցություններ, և վերջիններիս բացահայտման համար անհրաժեշտ է զարգացած և դիվերսիֆիկացված ֆինանսական շուկայի առկայություն: