Ածանցյալների շուկայի կարեւորությունը դրամավարկային քաղաքականության տեսանկյունից
ԱՓ 08/03-06
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Ածանցյալների շուկայի կարեւորությունը դրամավարկային քաղաքականության տեսանկյունից
Մարգարիտա Մամիկոնյան
Սեղմագիր
Կատարված աշխատանքում քննարկվել են արժութային շուկայում Կենտրոնական բանկերի գործառնությունների տրամաբանության վրա ազդող գործոններից մեկը՝ ածանցյալների շուկայի զարգացման հիմնախնդիրները: Դիտարկվել է ածանցյալների առք ու վաճառքի ազդեցությունը դրամավարկային քաղաքականության, մասնավորապես` փոխանցման մեխանիզմի վրա ինչպես ֆինանսական շուկաների, այնպես էլ ռեալ տնտեսության տեսանկյունից: Քննարկվել են ածանցյալների փոխարժեքների միջոցով արժութային շուկայի հետագա միտումները և տնտեսվարող սուբյեկտների սպասումները գնահատելու հնարավորությունը: Գնահատվել է արտարժութային ածանցյալների ներդրման անհրաժեշտությունը և հնարավորությունը ՀՀ-ում և դիտարկվել են ՀՀ ԿԲ կողմից արտարժութային ածանցյալները որպես դրամավարկային քաղաքականության գործիք օգտագործելու խնդիրները:
Այս առումով հատկապես կարևորվել է այդ գործիքի օգտագործումը տնտեսության արտարժութային իրացվելիության կարգավորման, համախառն արտաքին պահուստների համալրման, ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները նվազեցնելու (փոխարժեքի նախընտրելի միջակայք պահպանելու) և արժութային շուկայում ՀՀ ԿԲ ուղղակի մասնակցությունը նվազագույնի հասցնելու գործում: Հանգամանորեն քննարկելով արտարժութային ածանցյալների շուկայի զարգացման կարևորությունը արժութային շուկայի մասնակիցների մոտ փոխարժեքի երկարատև սպասումներ ձևավորելու, տնտեսվարող սուբյեկտների արտարժութային ռիսկը նվազագույնի հասցնելու և դրանով իսկ ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը նպաստելու գործում, տրվել են ածանցյալների շուկայի զարգացմանը նպաստող գործնական առաջարկություններ: