Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011 թվականին

Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011 թվականին 
Վիճակագրության վարչություն 
Անուշ Դավթյան, Ալեքսանդր Պետրոսյան, Արմեն Գագիկյան

Վճարային հաշվեկշիռն ու միջազգային ներդրումային դիրքը տվյալ երկրի և արտաքին աշխարհի միջև իրականացված տնտեսական բոլոր գործառնությունների վիճակագրական արտացոլումն են: Եթե վճարային հաշվեկշիռն արտացոլում է ժամանակի որոշակի միավորի ընթացքում` սովորաբար 1 տարում իրականացված գործառնությունները, ապա միջազգային ներդրումային դիրքն արտացոլում է նախկինում իրականացված բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքում արտաքին աշխարհի նկատմամբ ձևավորված երկրի ֆինանսական ակտիվներն ու պարտավորությունները ժամանակի որոշակի պահի դրությամբ:

Հայաստանի վճարային հաշվեկշիռը կազմվում է 1993 թվականից, իսկ միջազգային ներդրումային դիրքը՝ 1998 թվականից: Մինչև 2011 թվականը այդ աշխատանքները իրականացնում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, իսկ սկսած 2011 թվականից՝ Հայաստանի արտաքին հաշիվների վիճակագրությունը կազմում է ՀՀ կենտրոնական բանկը: Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի վիճակագրությունը կազմվում է միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ է միջազգային չափորոշիչներին  թեև շարունակական բարելավման կարիք ունի: