Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը Հայաստանում
Դրամավարկային քաղաքականության վարչություն
Հայկ Ավետիսյան
Ամփոփագիր
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նախօրեին զարգացող երկրները, այդ թվում նաև ՀՀ-ն, արձանագրում էին հսկայական տնտեսական առաջընթաց` հիմնված արտարժութային մեծածավալ հոսքերի վրա: Համաշխարհային ճգնաժամի պայմաններում նման հոսքերի դադարումը 2008 թ. աշնանից առաջացրեց արժութային ճգնաժամերի հերթական ալիքը, ինչն իր դրսևորումը ստացավ նաև Հայաստանում: Սույն աշխատանքում, կիրառելով ավանդական՝ Ազդանշանային մոտեցումը, և նորագույն` Դասակարգումների ծառի մոդելները, փորձ է արվում վեր հանելու ՀՀ-ում (նաև ԱՊՀ և ԿԱԵ տարածաշրջանների երկրներում) արժութային ճգնաժամերի կանխատեսման առաջանցիկ փոփոխականները և կառուցելու կանխատեսման կիրառական վաղաժամ ազդանշանային համակարգեր (ՎԱՀ): Արդյունքում պարզվել է, որ դիտարկված գրեթե բոլոր փոփոխականներն աչքի են ընկնում Հայաստանի տնտեսության համար լավագույն կանխատեսումային հատկանիշներով, որոնց շարքում, որպես առաջանցիկ ցուցանիշներ, առանձնանում են հատկապես բյուջեի պակասուրդի, վարկավորման, գնաճի, արտաքին պարտքի և բանկերի ակտիվների ցուցանիշները, իսկ քննարկված 24 փոփոխականներից 9-ը հանդես են գալիս առավելագույն առաջանցիկությամբ` ազդանշանելով առնվազն 3 եռամսյակ առաջ: Անդրադառնալով ճգնաժամերի պատճառներին՝ բացահայտվել է, որ եվրոպական զարգացող երկրներում դիտարկված ճգնաժամերի մեծ մասը պայմանավորված էր բյուջեի պակասուրդի և ֆինանսական ավելցուկի հիմնախնդիրներով. կարևոր կշիռ են կազմում նաև ինքնադրսևորվող ճգնաժամերը: Սույն աշխատանքում կառուցված մոդելները (այդ թվում` համախմբային) աչքի են ընկնում բարձր կանխատեսումային հատկանիշներով, իսկ CART մեթոդաբանությամբ կառուցված մոդելը իր հիմնական կանխատեսումային որակներով զգալիորեն գերազանցում է նաև գրականության մեջ տարածված մյուս բոլոր մոդելները: Բացի այդ, բոլոր մոդելները լավագույնս կանխատեսել են նաև ՀՀ-ում 2009 թ. մարտի արժութային ճգնաժամը, հետևաբար դրանք կարող են կիրառվել Հայաստանում (ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներում) արժութային և ֆինանսական ճգնաժամերի կանխատեսման գործընթացում:
Ճգնաժամի ժամանակ Դուք Ձեր անցյալի գերին եք… Գիլերմո Կալվո