Տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցանիշների (Leading Indicators) գնահատումը Հայաստանի համար
ԱՓ 08/12-02
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցանիշների (Leading Indicators) գնահատումը Հայաստանի համար
Առաջանցիկ ցուցանիշներով տնտեսական փոփոխականների կանխատեսման մոտեցումը զարգացվել է դեռևս ավելի քան 60 տարի առաջ ԱՄՆ-ի Տնտեսական Զարգացման Ազգային Բյուրոյի կողմից (NBER): Առաջանցիկ ցուցանիշները վերջին ժամանակներում լայն տարածում են ստացել շատ երկրների գործարար պարբերաշրջանների (այսուհետև՝ ԳՊ) շրջման կետերի կանխատեսման համար: Առաջանցիկ ցուցանիշների մոտեցման կիրառման առավելությունները հետևյալն են.
- Գործարար պարբերաշրջանների շրջման կետերի վաղ բացահայտումը և ժամանակին ճանաչումը շատ կարևոր է քաղաքականություն մշակողների համար, քանի որ վերջինս թույլ է տալիս իրականացնել համապատասխան հակապարբերաշրջանային քաղաքականության միջոցառումներ, գործարարներին թույլ է տալիս ճշգրտել իրենց վաճառքները կամ ներդրումային քաղաքականությունը և ներդրողներին՝ վերաբաշխել ակտիվները:
- Ստանդարտ էկոնոմետրիկ մոդելներով քանակական կանխատեսումներ իրականացնելու գործընթացները չունեն այն հատկությունները, որոնցով հնարավոր լինի բացահայտել շրջման կետերը, որոնք ներառում են ռեժիմի կամ կառուցվածքային փոփոխություններ:
- Վերջինս հանդիսանում է այլընտրանքային կանխատեսման գործիք:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) իր անդամ երկրների համար ամսական կտրվածքով հրապարակում է Առաջանցիկ ինդեքսներ: Մի շարք հետազոտական ինստիտուտներ և խորհրդատվական ընկերություններ նույնպես հավաքագրում են Առաջանցիկ ինդեքսներ մի շարք արդյունաբերական երկրների համար: Այնուամենայնիվ, Առաջանցիկ ցուցանիշների մոտեցման կիրառումը զարգացող երկրների համար սահմանափակումներ ունի: Հիմնական սահմանափակումը համապատասխան վիճակագրական տվյալների հասանելիությունն է: Գործարար պարբերաշրջանների Առաջանցիկ ցուցանիշների կառուցման համար առավել նպատակահարմար է օգտագործել մեծ հաճախականությամբ տվյալներ՝ ամսական կտրվածքով և երկար ժամանակային շարքով:
Առաջանցիկ ցուցանիշների համար հաճախ օգտագործվող տվյալները հասանելի 4 չեն ամսական կտրվածքով կամ բավականին կարճ են հուսալի արդյունքների ստացման և օգտագործման տեսանկյունից:
Զարգացող երկրների վիճակագրական տվյալների որակի և հավաքագրման տարեցտարի բարելավման արդյունքում մեծանում է նոր ցուցանիշների հասանելիությունը: Սակայն դեռևս մի շարք ցուցանիշներ, որոնք կարող են ընդգրկվել առաջանցիկ ինդեքսում (օրինակ՝ աշխատանքային ժամերը, վերամշակող արդյունաբերությունում նոր պատվերների քանակը և այլն), հասանելի չեն կամ բավարար ժամկետայնությամբ չեն օգտագործման տեսանկյունից:
Հաշվի առնելով նշված սահմանափակումները փորձենք կիրառել գործարար պարբերաշրջանների Առաջանցիկ ցուցանիշների մոտեցումը և կանխատեսել գործարար պարբերաշրջանի շրջման կետերը ՀՀ տնտեսության համար: