Դրամավարկային կանոնների կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում
ԱՓ 08/01-02
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Դրամավարկային կանոնների կիրառությունը Հայաստանի Հանրապետությունում
Տիգրան Պողոսյան
Ներածություն
Պետության կողմից նպատակաուղղված տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը զուգընթաց տնտեսագետների կողմից բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքականությունը կանոնով իրականացնելու արդյունավետության հարցը: Դրամավարկային քաղաքականության բնագավառում այդ քննարկումները ծավալվեցին ԿԲ կողմից դրամավարկային կանոնով քաղաքականության իրականացման շուրջ: Դրամավարկային կանոնը, դա բանաձև է, որի օգնությամբ ԿԲ-ը վարում է իր քաղաքականությունը: Այն պետք է բավարարի պարզության, դյուրըմբռնելի լինելու սկզբունքներին և պարբերաբար ներկայացվի լայն հասարակայնությանը: Դրամավարկային կանոններով քաղաքականությունը իրականացնելուն այլընտրանքային է համարվում դիսկրետ կամ հակացիկլիկ դրամավարկային քաղաքականությունը, որի պայմաններում ԿԲ-ը արձագանքում է յուրաքանչյուր տնտեսական իրավիճակին՝ վարելով այդ իրավիճակին համապատասխանող դրամավարկային քաղաքականություն: Տնտեսագետների մի խումբ գտնում է, որ պետությունը պետք է ակտիվորեն միջամտի երկրի տնտեսական կյանքին և իր քաղաքականությունը հիմնականում ուղղի անցանկալի տնտեսական երևույթները կանխելու նպատակի իրագործմանը (օրինակ՝ բարձր սղաճի դեպքում պետք է կտրուկ կրճատել փողի առաջարկը, բարձրացնել տոկոսադրույքի մակարդակը և այլն): Իրենց կարծիքը հիմնավորելու համար նրանք վկայակոչում են պետության տրամադրության տակ գտնվող և տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ լծակների առկայությունը:
Տնտեսագետների մեկ այլ խումբ, որոնցից են նաև մոնետարիստական ուղղության ներկայացուցիչները, գտնում է, որ դիսկրետ տնտեսական քաղաքականությունը արդյունավետ չէ և կարող է պատճառ դառնալ տնտեսությունում ճգնաժամային և ստագֆլյացիոն երևույթների առաջացմանը: Հակացիկլիկ քաղաքականություն իրականացնելու դեմ իրենց կողմից բերվող հիմնական փաստարկը ժամանակային լագերի առկայությունն է: Ժամանակային լագերը ընդգրկում են տնտեսական երևույթի բացահայտման ուշացումը (քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտության առաջացման և այդ անհրաժեշտությունը ԿԲ կողմից բացահայտելու միջև ընկած ժամանակահատվածը), իրականացման ուշացումը (անհրաժեշտության բացահայտման և գործողությունների իրականացման միջև ընկած ժամանակահատվածը) և փոխանցման ուշացումը (գործողությունների իրականացման և տնտեսության վրա վերջինիս ազդեցության միջև ընկած ժամանակահատվածը): Երկար ժամանակային լագերի առկայության պատճառով տնտեսական որևէ իրավիճակին համապատասխանող տնտեսական որոշումների արդյունքները կարող են իրենց ազդեցությունը ունենալ ժամանակի այն պահին, երբ դրա անհրաժեշտությունն արդեն վերացել է:
Վերջին ժամանակներն մեծացել է սղաճի նպատակադրման կանոնով դրամավարկային քաղաքականությունը վարելու առաջարկությամբ հանդես եկող տնտեսագետների թիվը: Այնուամենայնիվ նույնիսկ այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում հետևել որևէ միջանկյալ կանոնի (օրինակ տոկոսադրույքի կամ փողի բազայի) և վերջինիս կառավարման միջոցով հասնել ՀՆԱ և սղաճի վարքագծերի ճշգրտմանը:
Պետք է նշել, որ դրամավարկային քաղաքականության իրականացման կանոնները բազմաթիվ են և չկա մի կանոն, որի օգնությամբ հնարավոր լինի ամբողջությամբ բացատրել դրամավարկային քաղաքականության ազդեցությունը իրական ՀՆԱ և սղաճի վրա: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է բաց տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ արտաքին հատվածից բխող նույնիսկ մի փոքր ցնցումը կարող է հանգեցնել դրամավարկային քաղաքականության իրականացման կանոնների փոփոխության:
Նյութում մեր կողմից նկարագրվել են զարգացած արևմտյան երկրների կողմից դրամավարկային քաղաքականության բնագավառում լայնորեն կիրառվող կանոնները և, մասնավորապես, Թեյլորի և ՄաքՔելլամի կանոնները: Այնուհետև, հաշվի առնելով ՀՀ դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի առանձնահատկությունները, ՀՀ տվյալներով կառուցվել է փողի բազայի կառավարման ՄաքՔելլամի կանոնը, որի հիման վրա տրվել է 1996-2000թթ. ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության արդյունավետության գնահատականը: