Փոխարժեքի արժեքավորումը արտահանման և ներմուծման տեսանկյունից

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Փոխարժեքի արժեքավորումը արտահանման եվ ներմուծման տեսանկյունից

Դրամավարկային Քաղաքականության Վարչություն 
Վարդան Արամյան

Փոխարժեքի և արտահանման ու ներմուծման կամ զուտ արտահանման՝ որպես ներմուծման և արտահանման տարբերության միջև կապը քննարկելիս սովորաբար դիտարկվում է երկրի իրական արդյունավետ փոխարժեքի վարքագիծը: Իրական փոխարժեքը երկրի գնային մրցունակության ամփոփ ցուցանիշ է, որը ցույց է տալիս տվյալ երկրի և գործընկեր երկրների գների հարաբերությունը: Իրական փոխարժեքն արժեքավորվում է, երբ գործընկեր երկրների համեմատ տեղի է ունենում երկրի ներքին գների աճ կամ անվանական փոխարժեքի արժեքավորում (արտահանումը դառնում է պակաս շահութաբեր, ներմուծումը` ավելի շահութաբեր):

Իրական փոխարժեքի արժեզրկումը ենթադրում է հակառակ երևույթը, երբ տվյալ երկրի համեմատ տեղի է ունենում գործընկեր երկրների գների աճ կամ փոխարժեքի արժեքավորում (արտահանումը դառնում է ավելի շահութաբեր, ներմուծումը` պակաս շահութաբեր): Ինչպես երևում է իրական փոխարժեքի սահմանումից, պետությունն իր վարած քաղաքականությամբ ի զորու է ազդելու արտահանման և ներմուծման վրա կամ ներքին գների, կամ անվանական փոխարժեքի միջոցով: Իսկ քաղաքականություն մշակողների համար միշտ երկընտրանքի խնդիր է եղել գների կամ անվանական փոխարժեքի առաջնահերթության որոշումը, քանի որ վերջինս կապված է եղել երկարաժամկետ, կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ մակրոտնտեսական կայունության ապահովման խնդրի հետ, որը երկարաժամկետ նպատակ է և շահեկան ողջ հասարակության, այլ ոչ թե վերջինիս որևէ մասի համար: