Գնաճը, փողը և Կենտրոնական բանկը
Գնաճը, փողը և Կենտրոնական բանկը
Տնտեսագիտության ժամանակակից տեսության հիմնարար դրույթներից մեկն այն է, որ տնտեսությունում գների կայունությունը երկարատև ժամանակահատվածում կայուն տնտեսական աճի ապահովման համար կարևոր նախադրյալ է հանդիսանում: Այդ իսկ պատճառով գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերի մասին օրենքներում (այդ թվում և ՀՀ ԿԲ մասին օրենքում) հենց գների կայունության ապահովումն է սահմանված որպես գլխավոր նպատակ: Հայտնի է նաև, որ կայուն տնտեսական աճն ուղեկցվում է որոշակի ցածր գնաճով, այսինքն՝ գների կայունության հասկացության ներքո ենթադրվում է գնաճի որոշակի բնականոն մակարդակ: Այս պատճառով էլ երկարատև ժամակահատվածում կայուն տնտեսական աճի ձեռքբերման նկատառումով կենտրոնական բանկերը նպատակադրում են գնաճի որոշակի, ցածր մակարդակ: Ընդ որում, տարբեր երկրներում այն տարբեր է և գտնվում է 2%-ից 6%-ի սահմաններում: Սակայն արդեն տարեկան 4-5% գնաճի արձանագրումը որոշ երկրներում մտահոգությունների տեղիք է տալիս տնտեսական աճի ապահովման առումով, և այդ երկրների ԿԲ-ները հետևողականորեն նվազեցնում և կայունացնում են գնաճի տեմպերը, չեզոքացնում բարձր գնաճի սպասումները, ապահովում գների կայունություն: