Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմների մակրոմոդելը Հայաստանի Հանրապետության համար

Տնտեսական հետազոտությունների վարչություն 
Աշոտ Մկրտչյան, Արա Ստեփանյան

Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմների մակրոմոդելը Հայաստանի Հանրապետության համար

Ներածություն

Աշխատանքում, նորքեյնսյան տիպի մոդելների օրինակով, ներկայացված է դրամավարկային փոխանցումային մեխանիզմների մոդել Հայաստանի տնտեսության համար: Գնաճի նպատակադրման ռազմավարության պարագայում, այն ոչ միայն թույլ է տալիս միջին ժամկետ հատվածում հիմնական մակրոտնտեսական փոփոխականների կանխատեսումներ իրականացնել, այլ նաև դրամավարկային քաղաքականության գործառնական նպատակի՝ կարճաժամկետ ռեպո գործառնությունների տոկոսադրույքի որոշման հնարավորություն է ընձեռում: Տոկոսադրույքը որոշվում է ներծին (էնդոգեն) գործոններից ելնելով՝ դրամավարկային կանոնի միջոցով: Վերջինս անվանվում է նաև տոկոսադրույքի արձագանքի կանոն, ըստ որի՝ տոկոսադրույքը արձագանքում է գնաճի կանխատեսվող և նպատակային ցուցանիշների միջև առաջացած շեղումներին և ժամանակի ընթացքում փոփոխվում այնպես, որ այդ շեղումները աստիճանաբար վերանան:

Մոդելը ունի ապագային միտված առանձնահատկություն, որը հաշվի է առնում այն հանգամանքը, որ տնտեսության հետագա զարգացումները կախված են նաև տնտեսավարող սուբյեկտների՝ ապագա ժամանակահատվածի նկատմամբ ունեցած սպասումներից: Քանի որ տնտեսության ապագա իրավիճակի վերաբերյալ սպասումների վրա ազդում են կանխատեսվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, ուստի սպասումները դառնում են դրամավարկային փոխանցումային մեխանիզմների ևս մեկ`անուղղակի ուղի:

Մոդելի կառուցվածքի համար հիմք է ծառայել Ա. Բերգի, Պ. Քարամի և Դ. Լաքստոնի [6] կողմից առաջարկվող մոդելը, որն ունի իրական ՀՆԱ ճեղքվածք - գնաճ՝ ներկայումս առավել ընդունված ընդհանուր տեսքը: Այս մոտեցումը առավելապես կիրառելի է տնտեսության պարբերաշրջանային տատանումների և դրանով պայմանավորված՝ գնաճի վարքագծի վերլուծությունների ժամանակ:

Մակրոմոդելի անհրաժեշտությունը. 2006 թվականից ՀՀ կենտրոնական բանկը անցում կատարեց գնաճի նպատակադրման ռազմավարությանը, որի իրականացման առաջնային պայմաններից է դրամավարկային փոխանցումային մեխանիզմները բացատրող մակրոմոդելի առկայությունը: Մակրոմոդելի անհրաժեշտությունը բխում է այն պայմանից, որ նախ թույլ է տալիս հասկանալ ոչ միայն առանձին փոփոխականների վարքագծերը, այլև պատկերացում կազմել տնտեսության գործունեության ամբողջական դինամիկ նկարագրի վերաբերյալ: Միաժամանակ, մոդելների վրա հիմնված դրամավարկային վերլուծությունները և կանխատեսումները ունենում են այլընտրանքի լայն հնարավորություն: