Իրական ՀՆԱ ճեղքվածքի գնահատումը ՀՀ տնտեսության համար

Տնտեսական հետազոտությունների վարչություն 
Ռոլան Մնացականյան, Աշոտ Մկրտչյան

Իրական ՀՆԱ ճեղքվածքի գնահատումը ՀՀ տնտեսության համար

Հետազոտությունում գնահատվել է ՀՀ տնտեսության իրական ՀՆԱ-ի պոտենցիալ մակարդակը և իրական ՀՆԱ-ի ճեղքվածքը (ՀՆԱ-ի փաստացի և պոտենցիալ մակարդակների տարբերություն) արտադրական ֆունկցիայի, Կալմանի և Հոդրիկ-Պրեսկոտ ֆիլտրերի միջոցով: Երեք մեթոդների հիման վրա հաշվարկված իրական ՀՆԱ ճեղքվածքների դինամիկան ցույց է տալիս, որ դրանք ունեն գրեթե միևնույն վարքագիծը և համահունչ են 1999-2006թթ. տնտեսական զարգացումներին: Միաժամանակ, գնաճի և իրական ՀՆԱ ճեղքվածքների նմանատիպ վարքագծերը, ինչպես նաև իրական ՀՆԱ-ից գնաճի կախվածության վարքագծային հավասարումների գնահատված գործակիցների նշանակալիությունը վկայում են, որ այս մեթոդները կարող են կիրառվել Հայաստանում իրական ՀՆԱ ճեղքվածքը գնահատելու համար:

Գնաճի նպատակադրման նոր ռազմավարություն ընտրած Հայաստանի համար դրամավարկային քաղաքականության վերլուծությունների նպատակով կառուցված եռամսյակային կանխատեսումային մոդելում առավել նպատակահարմար է կիրառել իրական ՀՆԱ ճեղքվածքի՝ Կալմանի ֆիլտրի մեթոդով գնահատված արդյունքները: Այն առավել մոտ է նաև Հայաստանի համար Ա. Թևոսյանի (2007) կողմից գնահատված իրական ՀՆԱ ճեղքվածք-գնաճ երկընտրանքի, ինչպես նաև Ֆիլիպսի կորի հավասարման (Կալվո տիպի) համար միկրոհիմքերով ստացված գործակիցների արժեքներին: