2006 թվականին ՀՀ տնային տնտեսությունների կողմից արտերկրից ստացված դրամական փոխանցումների իրական ծավալների գնահատման նպատակով իրականացված հարցման արդյունքները

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ

Վիճակագրության վարչություն 
Արտաքին հատվածի վիճակագրության բաժին

2006 թվականին ՀՀ տնային տնտեսությունների կողմից արտերկրից ստացված դրամական փոխանցումների իրական ծավալների գնահատման նպատակով իրականացված հարցման արդյունքները

Կարինե Կարապետյան, Անուշ Դավթյան, Մհեր Բարսեղյան, Անիկ Ալեքսանյան

Վերջին տարիներին դեպի զարգացող երկրներ են ներհոսում զգալի ծավալի դրամական փոխանցումներ, և դրանց ազդեցությունը այդ երկրների տնտեսությունների վրա նշանակալի է: Համաշխարհային տնտեսությունում դրսևորվող միտումները ստիպում են զարգացող երկրների կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին դրամական փոխանցումների ծավալները գնահատելու, տվյալ երկրների տնտեսությունների վրա դրանց պոտենցիալ ազդեցությունները վերլուծելու, դրամական փոխանցումների հետագա շարունակելիության վերաբերյալ որոշակի պատկերացումներ կազմելու նպատակով իրականացնել որոշակի ծրագրեր և հետազոտություններ:

Հայաստանը ևս դասակարգվում է այն երկրների շարքը, որոնք արտերկրներից ստանում են մեծ ծավալի դրամական փոխանցումներ: Դա պայմանավորված է ինչպես հայկական սփյուռքի գոյությամբ, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններին բնորոշ տնտեսական անբարենպաստ պայմանների հետևանքով աշխատուժի արտահոսքի ծավալների աճով՝ հիմնականում 1990-ական թվականներից սկսած: Արդյունքում՝ ձևավորվել է արտերկրներում ապրող և աշխատող հայերի երեք կատեգորիա՝ հին սփյուռք, նոր սփյուռք և սեզոնային աշխատողներ, որոնք դրամական փոխանցումներ են ուղարկում Հայաստան: