Չեխիայի տնտեսական վիճակը և դրամավարկային քաղաքականությունը
ԱՓ 08/05-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Վահրամ Ջանվելյան
Չեխիայի տնտեսական վիճակը եվ դրամավարկային քաղաքականությունը
1993 թվականին Չեխիան շրջանառության մեջ մտցրեց իր սեփական արժույթը` չեխական կրոնան, որը փոխարինելու եկավ նախկին Չեխոսլովակիայի կրոնային: Նոր հիմնադրված Չեխիայի ազգային բանկի (Չեխիայի բանկ) դրամավարկային քաղաքականության իրականացման համար կարևոր նշանակություն ստացավ փոխարժեքի ռեժիմի ընտրությունը և կրոնայի փոխարժեքի սահմանումը: Բանկը երկու կարևոր խնդիր պետք է լուծեր: Նախ՝ ընտրություն կատարեր լողացող և հաստատագրված փոխարժեքների միջև, երկրորդ՝ հաստատագրված ռեժիմի ընտրության դեպքում սահմաներ սկզբնական փոխարժեք: Չեխիայի բանկը ընտրեց տատանումների որոշակի միջակայքով հաստատագրված փոխարժեքի ռեժիմը: Ըստ էության, հաստատագրված փոխարժեքի ռեժիմը կայունացրեց գնաճի սպասումները: Ընդհանուր առմամբ, Չեխիայի տնտեսությունը, Եվրոպայի մյուս անցումային երկրների համեմատությամբ, ավելի լավ վիճակում էր, ինչն արտահայտվել է ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) անկման, գնաճի և գործազրկության ավելի ցածր մակարդակներով, իսկ 1993 թվականից հետո ՀՆԱ նվազում այլևս տեղի չի ունեցել: 1991 թվականին, գների կտրուկ և համատարած ազատականացումից հետո, հզոր գնաճային ճնշում արձանագրվեց 1993 թվականին, երբ մտցվեց ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) 23 % դրույքաչափ, որը Եվրոմիության չափանիշներով բավականին բարձր էր: