Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության գնահատումը փոքր բաց տնտեսության համար (Հայաստանի օրինակով)

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Տնտեսական հետազոտությունների վարչություն 
Ռոլան Մնացականյան

Տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի վրա տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցության գնահատումը փոքր բաց տնտեսության համար (Հայաստանի օրինակով)

Հետազոտական աշխատանք

Համառոտագիր

Այս հետազոտությունում փոքր բաց տնտեսության համար կառուցված ընդհանուր հավասարակշռության մոդելի միջոցով ուսումնասիրվում է տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը: Դրանք ներառում են գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտների միջև աշխատուժի վերաբաշխման գործընթացները և նշված ոլորտներում արտադրանքի թողարկման դինամիկան:

Մոդելում ընդունվում է, որ կառուցվածքային այդ փոփոխությունների վրա զգալի ազդեցություն ունեն բարձր տեխնոլոգիական մակարդակ ունեցող ներմուծված և ներքին տնտեսությունում արտադրված կապիտալ ապրանքներում առարկայացած տեխնոլոգիաների կլանման տեմպերը: Տնտեսության տարբեր հատվածների կողմից արտաքին և ներքին տեխնոլոգիաների կլանման տարբեր տեմպերը և դրանց նկատմամբ տարբեր հակվածությունները առաջ են բերում գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների հատվածների միջև տեխնոլոգիական մակարդակների և ժամանակի ընթացքում տեխնոլոգիական զարգացումների տարբերություններ: Դրանց հիման վրա մոդելում ուսումնասիրվում է երկարաժամկետ կայուն հավասարակշռությանը ձգտող անցումային հետագծի դինամիկ հատկությունները, որը ներկայացնում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացը:

Տնտեսական աճի կառուցված մոդելը չափաբերվել է հիմք ընդունելով Հայաստանի տնտեսության զարգացման օրինաչափությունները և հիմնական մակրոցուցանիշների համամասնությունները: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ արտաքին և ներքին տեխնոլոգիաների կլանման տեմպերի փոփոխությունները և կապիտալ ապրանքների ներմուծումը նշանակալի ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության 1998-2016 թվականների ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային տեղաշարժերի վրա: