Մակրոցուցանիշների վրա աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունների ազդեցության գնահատումը (Հայաստանի օրինակով, փոքր բաց տնտեսության համար)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Ռոլան Մնացականյան
Մակրոցուցանիշների վրա աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունների ազդեցության գնահատումը (Հայաստանի օրինակով, փոքր բաց տնտեսության համար)
Հետազոտական աշխատանք
Համառոտագիր
Այս հետազոտությունում Նոր-Քեյնսյան մոտեցումների շրջանակներում քննարկվում է աշխատանքի շուկայի վրա ընկերության ֆինանսական կոշտությունների ազդեցությունը, հիմք ընդունելով աշխատանքի և ֆինանսական շուկաների համապատասխանաբար Մորտենսենի և Պիսարիդեսի (1999) և Բեռնանկե և այլք․ (1999) կողմից առաջարկվող տեսական մոտեցումները և մոդելները։ Ըստ գրականությունում առկա մոտեցումների ընկերության զուտ հարստությունը նշանակալի դեր ունի փոխանցելու համար տարբեր շոկերի ազդեցությունները։ Ֆինանսական հատվածի կողմից ընկերությունների վարկավորման տոկոսադրույքները և դրանց ռիսկային հավելավճարը զգալի ազդեցություն է ունենում ընկերության զուտ հարստության վրա, որն իր հերթին ազդում է աշխատանքի շուկայի լարվածության, գործազրկության և թափուր աշխատատեղերի ստեղծման վրա։
Ելնելով դրանից հետազոտությունում առաջարկվում է երկու մոդելներ, որոնցից առաջինը ներառում է միայն աշխատանքի շուկայի կոշտությունները, իսկ երկրորդը՝ աշխատանքի շուկայի կոշտությունների հետ մեկտեղ նաև ընկերության ֆինանսական կոշտությունները։ Ֆինանսական կոշտություններով մոդելում իրական և ֆինանսական հատվածների միջև փոխազդեցությունը տեղի է ունենում նոր թափուր աշխատատեղերի ստեղծման և կապիտալի ձեռքբերման համար ֆինանսական հատվածից վարկերի ստացման միջոցով։ Առաջին և երկրոդ մոդելների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ մակրոցուցանիշների վրա ֆինանսական կոշտությունների ազդեցությունը կախված է ռիսկային հավելավճարի փոփոխությունից և ազդակի բնույթից։
Փոքր բաց տնտեսության համար կառուցված ընդհանուր հավասարակշռության դինամիկ ստոխաստիկ մոդելից ստացված արդյունքերը ցույց են տալիս, որ աշխատանքի շուկայի կոշտությունների պայմաններում, ֆինանսական շուկայի կոշտությունները զսպում են մակրոցուցանիշների վրա դրամավարկային քաղաքականության, տեխնոլոգիական և աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի ազդակների հետևանքները, նվազեցնում են մակրոցուցանիշների տատանումները և ավելացնում են դրանց կայունությունը։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ որքան նվազում են ընկերությունների ֆինանսական կոշտությունները, այնքան ավելանում է մոդելում ներառված մակրոցուցանիշների տատանումները և անկայունությունը, որոնց զսպման համար անհրաժեշտ է կիրառել մակրոպրուդենցիալ կարգավորման գործիքներ։