Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների համակարգումը աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունների պայմաններում
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Ռոլան Մնացականյան
Դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների համակարգումը աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունների պայմաններում
Հետազոտական աշխատանք
Համառոտագիր
Այս հետազոտությունում քննարկվում է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) և մակրոպրուդենցիալ կարգավորման (ՄՊԿ) համակարգումը դրանք իրականացնող համապատասխան գործիքների միջոցով: Այստեղ հիմնական հարցը կայանում է նրանում, թե կենտրոնական բանկը, ֆինանսական և տեխնոլոգիական շոկերի դեպքում, Թեյլորի պարզ կանոնի հետ մեկտեղ ՄՊԿ գործիքի կիրառումը ինչպես է անդրադառնում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության վրա: Այդ նպատակով կառուցվել է ընդհանուր հավասարակշռության դինամիկ ստոխաստիկ մոդել (ԸՀԴՍ), որտեղ ներառվել են նաև աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունները: Մոդելում ինանսական և տեխնոլոգիական շոկերի կայունացման համար օգտագործվել է ԴՎՔ պարզ և ընդլայնված Թեյլորի կանոնները, ինչպես նաև հակացիկլային ՄՊԿ գործիքը, որն իրենից ներկայացնում է վարկավորման աճին կենտրոնական բանկի արձագանքի կանոնը:
Մոդելում տարբերակների կառուցման համար հիմք է ընդունվել ինչպես ԴՎՔ և ՄՊԿ գործիքների առանձին կիրառումը, այնպես էլ միաժամանակյա օգտագործումը և տարբեր ինտենսիվությամբ դրանց կիրառման զուգորդումը: Մոդելում թույլատրելի տարբերակների գնահատման և լավագույն տարբերակի ընտրության համար հիմք է ընդունվել սպառման բարեկեցության և կետնրոնական բանկի կորստի ֆունկցիաները: Մոդելում Հայաստանի հիմնական մակրոտնտեսական և ֆինանսական ցուցնիշների երկարաժամկետ կայուն արժեքները գնահատվել են հիմք ընդունելուվ 2005 – 2020 թվականների եռամսյակային թվային տվյալները: Մոդելում գնահատվել և ուսումնասիրվել է նաև մակրոտնտեսական և ֆինանսական ցուցանիշների վրա ֆինանսական արագացման ընդլայնողական ազդեցությունը:
Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ԴՎՔ և ՄՊԿ գործիքների կիրառման ինտենսիվությունը և դրանց համակարգման արդյունավետությունը պայմանավորված է էկզոգեն շոկերի բնույթից: Ֆինանսական շոկի դեպքում մակրոտնտեսական և ֆինանսական կայունացման համար ավելի արդյունավետ է համեմատաբար բարձր ինտենսիվությամբ օգտագործել Թեյլորի ընդլայնված կանոնը և ՄՊԿ գործիքը: Տեխնոլոգիական շոկի դեպքում համեմատաբար արդյունավետ է օգտագործել միայն Թեյլորի ընդլայնված կանոնը:
ԴՎՔ և ՄՊԿ գործիքների կիրառումը և դրանց համակարգումը ըստ գնահատված բարեկեցության և կորստի ֆունկցիաներից ստացված արդյունքների, ունենում են զգալի հակացիկլային ազդեցություններ: Միաժամանակ տարբեր շոկերի պայմաններում ԸՀԴՍ մոդելի հիման վրա ստացված և գնահատված սցենարները հնարավորություն են ընձեռում որոշել կապիտալի հակացիկլային շեմի (հակացիկլիկ բուֆերի) սահմանաչափը: Մոդելից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ Բազել III-ի մոտեցումների և նորմատիվային պահանջների կիրառումը զգալիորեն նպաստում է մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը: