Ֆինանսական միջնորդությունը և դրամավարկային ու մակրոպրուդենցիալ քաղաքականությունը փոքր բաց տնտեսությունում
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Ռոլան Մնացականյան
Ֆինանսական միջնորդությունը և դրամավարկային ու մակրոպրուդենցիալ քաղաքականությունը փոքր բաց տնտեսությունում
Հետազոտական աշխատանք
Սեպտեմբեր 8, 2022
Համառոտագիր
Այս հետազոտությունում ուսումնասիրվում է մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործում դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների դերը և դրանց հնարավոր փոխազդեցությունները: Այդ նպատակով կառուցվել է ԴՎՔ փոխանցումային մեխանզիմի կառուցվածքային և այլընտրանքային գրաֆները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել դրանցում ներառված մասնակիցների այլընտրանքային թույլատրելի տարբերակները և ընդհանուր հավասարակշռության դինամիկ ստոխաստիկ (ԸՀԴՍ) մոդելի միջոցով գնահատել մասնակիցների փոխազդեցությունները: Հետազոտությունում առաջադրված նպատակներից ելնելով փակ տնտեսության ԸՀԴՍ մոդելը ընդլայնվել է ներառելով արտաքին հատվածը և բանկային համակարգը, որի պայմաններում հաշվի է առնվել նաև գների որոշման անվանական, աշխատանքի և ֆինանսական շուկաների կոշտությունները և դրանց հնարավոր փոխազդեցությունները:
ԴՎՔ կառուցվածքային և այլընտրանքային գրաֆների կառուցման հիման վրա ուսումն ասիրվել է դրամավարկային և մակրոպրուդենցիալ գործիքների ազդեցության հիմնական ուղիները և դրանց համակարգման հնարավորությունները: ԸՀԴՍ մոդելում տեխնոլոգիական, ֆինանսական և COVID-19 համավարակի շոկերի ազդեցությունների մեղման և չեզոքացման համար կիրառվում են ԴՎՔ և ՄՊԿ տարբեր ընթացակարգեր ներառյալ Թեյլորի պարզ, ընդլայնված և ՄՊԿ կանոնները և դրանց հնարավոր կոմբինացիաները: ԸՀԴՍ մոդելի հիման վրա գնահատված թույլատրելի տարբերակներից լավագույն տարբերակը ընտրվում է բնակչության բարեկեցության կորստի ֆունկցիայի գնահատման հիման վրա:
Տեխնոլոգիական շոկի դեպքում, երբ կիրառվում է Թեյլորի ընդլայնված կանոնը հակակշռում է տեղի ունենում գնաճի և արտադրանքի թողարկման միջև, սակայն գնաճի տատանումները մնում են կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման թույլատրելի սահմաններում: Ֆինանսական շոկի դեպքում չնայած օպտիմալ ընթացակարգն այն է, երբ ՄՊԿ գործիքն կիրառվում է առավելագույն ուժգնությամբ, սակայն մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման խնդիրներից ելնելով մնացած ընթացակարգերը ևս կարող են ապահովել բարեկեցության որոշակի աճ: Ստացված արդյունքները նույնպես ցույց են տալիս, որ ֆինանսական շոկը զգալի ազդեցություն է ունենում աշխատանքի շուկայի փոփոխականների, այդ թվում՝ թափուր աշխատատեղերի, գործազրկության և աշխատավարձերի վրա: Համավարակի շոկի դեպքում օպտիմալը այն տարբերակն է, երբ Թեյլորի ընդլայնված կանոնը կիրառվում է համեմատաբար մեծ ինտենսիվությամբ, որի պայմաններում զգալիորեն կրճատվում է տնտեսական անկումը և վարկավորման նվազման տեմպերը: