Ներդրումային ծրագրերի շրջանակներում կապիտալ ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող հարկային խթանների ազդեցության գնահատումը

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն 
Տնտեսական հետազոտությունների վարչություն

Ներդրումային ծրագրերի շրջանակներում կապիտալ ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող հարկային խթանների ազդեցության գնահատումը 
Հետազոտական աշխատանք

Համառոտագիր

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել կապիտալ ապրանքների ներմուծման համար ԱԱՀ-ի վճարման ժամկետների երկարաձգման հարկային արտոնության ազդեցությունը ներդրումների խթանման և կապիտալի կուտակման վրա: Հարկային արտոնությունը նպաստում է ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների կողմից արտադրողական ներդրումների կատարմանը, նվազեցնում է կապիտալի ծախսատարությունը և, հետևաբար, ավելացնում նոր ներդրումների եկամտաբերությունը: Ներդրումների վրա հարկերի խթանող ազդեցությունը ուսումնասիրելու համար հիմք է ընդունվել սահմանային արդյունավետ հարկային դրույքաչափի մոտեցումը (ՍԱՀԴ), որը մեր կողմից ընդլայնվել է՝ հաշվի առնելով այն, որ ներքին տնտեսությունում կապիտալ ապրանքների արտադրության փոքր ծավալների պարագայում մեծանում է ներմուծվող կապիտալ ապրանքների նկատմամբ պահանջարկը: Դրա հետ մեկտեղ, հաշվի են առնվել նաև համեմատաբար բարձր տեխնոլոգիական մակարդակ ունեցող կապիտալ ապրանքների (մեքենաների և սարքավորումների) ներմուծման արդյունքում ֆիզիկական կապիտալի արդիականացման և կուտակման արդյունավետության բարձրացման հիմնահարցերը: ԱԱՀ-ի վճարման ժամկետի երկարաձգման ներկայումս գործող հարկային արտոնության պայմաններում ներդրումային 5 ծրագրերի համար գնահատված ՍԱՀԴ-ն գտնվում է -10.4 տոկոսից մինչև 16.7 տոկոս միջակայքում, ինչը ցույց է տալիս, որ տրված հարկային արտոնությունը նշանակալիորեն նվազեցնում է ներդրողների հարկային բեռը և մեկ միավոր ներդրման հաշվով կապիտալի ծախսը, ինչը խթանում է նոր ներդրումները և դրականորեն է ազդում կապիտալի նկատմամբ պահանջարկի և կապիտալի կուտակման վրա: