Կապիտալ ապրանքների ներմուծումը՝ որպես տնտեսական աճի աղբյուր (ՀՀ օրինակով)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Ռոլան Մնացականյան
Կապիտալ ապրանքների ներմուծումը՝ որպես տնտեսական աճի աղբյուր (ՀՀ օրինակով)
Հետազոտական աշխատանք
Համառոտագիր
Հետազոտությունում քննարկվում են փոքր բաց տնտեսությունում տնտեսական աճի վրա ներմուծված կապիտալ ապրանքների ազդեցության հարցերը: Կապիտալի արդյունավետությունը պայմանավորված է ինչպես ներքին տնտեսությունում արտադրված, այնպես էլ ներմուծված կապիտալ ապրանքներում՝ մեքենաներում և սարքավորումներում (ՄևՍ) առարկայացած տեխնոլոգիական առաջընթացի մեծությամբ: Հայաստանը, կապիտալ ապրանքների արտադրության ոլորտում զարգացած երկրների համեմատ չունենալով առավելություններ, ձգտում է ներմուծել ավելի արդյունավետ` բարձր տեխնոլոգիական մակարդակ ունեցող կապիտալ ապրանքներ: Դա կարող է կրճատել արտերկրի համեմատ տեխնոլոգիական մակարդակների միջև առկա ճեղքվածքի մեծությունը, դրականորեն ազդել կապիտալի եկամտաբերության ավելացման վրա՝ խթանելով և արագացնելով կապիտալի կուտակման գործընթացը և նպաստելով տնտեսական աճին:
Հետազոտությունում էնդոգենացվել է տնտեսությունում կուտակված մեքենաների և սարքավորումների պաշարի կամ ակտիվ կապիտալի գինը, ինչը հնարավորություն է ընձեռել գնահատելու ներմուծված և ներքին տնտեսությունում արտադրված կապիտալ ապրանքներում առարկայացած տեխնոլոգիական առաջընթացի, ինչպես նաև դրանց համապատասխան գների փոփոխությունների ազդեցությունները տնտեսական աճի վրա:
Դա իրականացվել է փոքր բաց տնտեսության ընդհանուր հավասարակշռության մոդելի հիման վրա, որը միաժամանակ թույլ է տալիս տնտեսական աճի կառուցվածքում կուտակված ակտիվ կապիտալի՝ ՄևՍ-ում առարկայացած կամ ներդրումներին ներհատուկ տեխնոլոգիական առաջընթացի (ՆՆՏԱ) մեծությունը տարանջատել չեզոք տեխնոլոգիական առաջընթացի (ՉՏԱ) ազդեցությունից: Ընդհանուր հավասարակշռության մոդելի լուծումից ստացված քանակական գնահատականները ցույց են տալիս, որ վերջին 15 տարիներին Հայաստանի տնտեսական աճի վրա նշանակալի ազդեցություն են ունեցել ներմուծված կապիտալ ապրանքներին ներհատուկ տեխնոլոգիական առաջընթացը և համապատասխանաբար՝ դրանց գները: Այսպես՝ տնտեսական աճի 70.5 տոկոսը կազմել է չեզոք տեխնոլոգիական առաջընթացը, 29.5 տոկոսը՝ տնտեսությունում կուտակված ՄևՍ-ում առարկայացած տեխնոլոգիական առաջընթացը, ընդ որում՝ ներմուծված և ներքին տնտեսությունում արտադրված կապիտալ ապրանքներում առարկայացած տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը տնտեսական աճի վրա համապատասխանաբար կազմել է 29.0 տոկոս և 7.0 տոկոս:
Միաժամանակ, տնտեսական աճի կառուցվածքում բացասական ազդեցություն են ունեցել ներմուծված և ներքին տնտեսությունում արտադրված կապիտալ ապրանքների հարաբերական գները, որոնք տնտեսական աճի տեմպը նվազեցրել են համապատասխանաբար 2.4 տոկոսով և 4.1 տոկոսով: Ըստ մոդելից ստացված քանակական գնահատականների՝ առանց արտերկրից ներմուծված կապիտալ ապրանքների, Հայաստանում տնտեսական աճը 34.7 տոկոսով ավելի ցածր կլիներ: Ստացված արդյունքները վկայում են, որ վերջին 15 տարիներին ՀՀ տնտեսության զարգացման առանձնահատկություններից է այն, որ, գործող ֆիզիկական կապիտալի օգտագործման արդյունավետության բարձրացմանը զուգընթաց, ինչն արտահայտվել է ՉՏԱ-ի համեմատաբար բարձր տեմպերով, ՆՆՏ առաջընթացը ևս դարձել է տնտեսական աճի կարևոր աղբյուր՝ ի հաշիվ կապիտալ ապրանքների ներմուծման: