Համախառն պահանջարկի տատանումների ազդեցությունը գնաճի և տնտեսական աճի վրա

ԱՓ 08/07-01

Համախառն պահանջարկի տատանումների ազդեցությունը գնաճի և տնտեսական աճի վրա
Դրամավարկային քաղաքականության վարչություն
Անահիտ Թևոսյան

Ներածություն

Հաճախ դրամավարկային քաղաքականություն մշակողներին հետաքրքրում է, թե պահանջարկի որևէ տարրի փոփոխությունը, այդ թվում՝ իրականացված քաղաքականությունը ինչ ազդեցություն կունենան գների և թողարկման ծավալների վրա: Այս հարցը արդիական է այն տնտեսություններում, որտեղ գոյություն ունեն ոչ մրցակցային տարրեր, և գները դրսևորում են կոշտ վարքագիծ: Այս դեպքում պահանջարկի տատանումների ազդեցությունը դրսևորվում է ոչ միայն գների վրա, այլև՝ թողարկման ծավալների:

Հայաստանի տնտեսության դեպքում ևս գների մի որոշակի մասը ճկուն չէ, աստիճանաձև է փոփոխվում՝ մի որոշակի ժամանակ կոշտ է, այնուհետև փոխվում է թռիչքով: Ընդ որում՝ սպառողական զամբյուղում նման վարքագծով աչքի են ընկնում հատկապես տեղական արտադրության արտադրանքի գները, որոնք սահմանում են սակավաթիվ ձեռնարկություններ՝ ոչ մրցակցային պայմաններում: Ուստի հարց է առաջանում, թե ՀՀ-ում պահանջարկի տատանումները ինչ գործակցով են ազդում գների և ինչ գործակցով՝ թողարկման ծավալների վրա: Այլ կերպ ասած՝ արդիական է դառնում տնտեսական քաղաքականություն մշակողների կողմից գնաճ-տնտեսական աճ երկընտրանքի գործակցի գնահատումը:

Նշենք, որ գնաճ- տնտեսական աճ երկընտրանքի գործակցի գնահատումներով սկսել են զբաղվել նոր դպրոցի (նորքեյնսյան/նորդասական) ներկայացուցիչները: Մասնավորապես, եթե նորդասական դպրոցի ներկայացուցիչ Ռոբերտ Լուկասը (1973) պահանջարկի ցնցումների արդյունքում գների և թողարկման ծավալների միջև առաջացած դրական կապը բացատրեց տնտեսավարող սուբյեկտների ունեցած ոչ ամբողջական տեղեկատվությամբ, ապա նորքեյնսյան տնտեսագետները համախառն առաջարկի կորի թեքությունը բացատրում էին միկրոտնտեսությունում առկա խնդիրներով՝ անկատար մրցակցությամբ, գների կպչուն վարքագծով, գների ոստյուններով, ոչ պարբերական ճշգրտումներով, գների փոփոխման ծախսատարությամբ և այլն: Ընդհանուր առմամբ, բոլոր այս էֆեկտներն էլ թողնում են միևնույն ազդեցությունը, այն է՝ գների և թողարկման ծավալների միջև ձևավորվում է դրական կարճաժամկետ կապ:

ՀՀ տնտեսության գնաճ- տնտեսական աճ երկընտրանքի գործակցի գնահատման համար կիրառվել են նորքեյնսյան տնտեսագետների մոտեցումները: Մասնավորապես ենթադրվել է, որ ձեռնարկությունները գործում են ոչ մրցակցային պայմաններում, գները որոշակիորեն կոշն են. պահանջարկի տատանումների դեպքում գները ճշգրտվում են ոչ միանգամից, այլ որոշակի ժամանակահատված անց: Գները սահմանելու և փոփոխելու հարցում ձեռնարկությունների նման վարքագիծը հանգեցնում է այն բանին, որ պահանջարկի փոփոխություններն ազդեցություն են ունենում նաև իրական ՀՆԱ-ի վրա: Եվ որքան հաճախակի են պահանջարկի տատանումները, այնքան գները զգայուն են դրանց նկատմամբ: Մոդելավորումը կատարվել է՝ հաշվի առնելով խնդրի առաջացման միկրոհիմքերը, այնուհետև ազդեցությունները դիտարկվել են մակրոտնտեսության վրա: ՀՀ տնտեսության գնաճ-տնտեսական աճ երկընտրանքի գործակցի գնահատումների համար կիրառվել է փոքրագույն քառակուսիների երկքայլ եղանակը (Two Stage Least Square)՝ հաշվի առնելով գնահատվող հավասարման ուրույն բնույթը, մասնավորապես այն, որ գոյություն ունի կոռելացման և առաջարկի ցնցումներից զտման խնդիր: