Իրական հավասարակշիռ փոխարժեքի մոդելը Հայաստանում

ԱՓ 08/07-02

Իրական հավասարակշիռ փոխարժեքի մոդելը Հայաստանում

Դրամավարկային քաղաքականության վարչություն 
Վահագն Գրիգորյան, Արփինե Դալլաքյան

Ներածություն

Իրական հավասարակշիռ փոխարժեքի մոդելը կիրառվում է տնտեսության ընդհանուր հավասարակշռության գնահատման համար: Իրական փոխարժեքի վրա այլ փոփոխականների ազդեցությունների բացահայտումն ու կանխատեսումը թույլ կտան գնահատել երկրի գնային մրցունակության փոփոխությունը գործընկեր երկրների համեմատությամբ և կանխատեսել առևտրային հաշվեկշռի ապագա միտումները:

Մյուս կողմից՝ իրական փոխարժեքի կանխատեսումը հնարավորություն է տալիս որոշակի դատողություններ անել անվանական փոխարժեքի ապագա արժեքի մասին, եթե առկա է համապատասխան տեղեկատվությունն:

Վերջին տարիների անվանական և իրական փոխարժեքների դինամիկայի պայմաններում վերոնշյալ խնդիրները Հայաստանի համար բավականին արդիական են: Այս վերլուծության համար հիմք են հանդիսացել Դրամավարկային քաղաքականության վարչության իրականացրած մեծածավալ աշխատանքները, որոնք վերաբերում են իրական փոխարժեքի հաշվարկման մեթոդաբանությանը, իրական փոխարժեքի վրա հիմնված մասնակի և ընդհանուր հավասարակշռության մոդելներին (Աշխատավարձերի, արտադրողականության և գների, Առևտրի առաձգականության և 1-2-3), ինչպես նաև գնողունակության համարժեքությանը և ազդեցության բացահայտմանը:

Ուսումնասիրության առաջին մասում քննարկվում են իրական հավասարակշիռ փոխարժեքի հայեցակարգը, հասկացությունը և հաշվարկման մեթոդները: Ուսումնասիրության երկրորդ մասում ստուգվում է գնողունակության համարժեքության տեսությունը որպես իրական հավասարակշիռ փոխարժեքի ամենապարզ և կիրառական մոդել: Երրորդ մասում քննարկվում է իրական փոխարժեքի՝ սխալների ուղղման մոդելը, որը հնարավորություն է տալիս տարանջատել կարճաժամկետ և երկարաժամկետ գործոնները և ազդեցության չափերը: Հաշվարկվում են ազդող գործոնների նկատմամբ իրական փոխարժեքի արձագանքի չափերն ու ժամկետները:

Վերջին մասում իրականացվել է իրական հավասարակշիռ փոխարժեքի հաշվարկումը, տարանջատվել են կարճաժամկետ և երկարաժամկետ հավասարակշիռ իրական փոխարժեքները, բացահայտվել դրանց շեղումների պատճառները՝ հիմնարար փոփոխականների շեղումները և քաղաքականության ազդեցությունը: