Սպառման միջժամանակային փոխարինման առաձգականության գործակցի գնահատումը ՀՀ համար
Սպառման միջժամանակային փոխարինման առաձգականության գործակցի գնահատումը ՀՀ համար
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Կարեն Պողոսյան, Աշոտ Մկրտչյան
Ներածություն
Սպառման միջժամանակային փոխարինման առաձգականության գործակիցը (EISC) կարևոր նշանակություն ունի մակրո և միկրոտնտեսական վարքագծային մոդելների կառուցման և վերլուծության համար: Ընդհանուր առմամբ, EISC գործակիցը ցույց է տալիս սպառման միջժամանակային փոխարինման և դրանց սահմանային օգտակարության փոփոխությունների միջև փոխկապվածության մակարդակը (EISC գործակցի տնտեսագիտական էությունը մանրամասն կներկայացվի սույն նյութի հաջորդ բաժնում): Տնային տնտեսությունների սպառման վարքագիծը մոդելավորելիս EISC գործակիցը ստացվում է տվյալ բյուջետային սահմանափակման պայմաններում միջժամանակային սպառման օգտակարության ֆունկցիայի մաքսիմալացման միջոցով: Տեսությունից հայտնի է, որ տարբեր ժամանակահատվածներում սպառողը կանգնում է սպառման կամ խնայողություններ կատարելու երկընտրանքի առջև, այլ կերպ ասած՝ կախված իրական տոկոսադրույքի փոփոխություններից՝ սպառողները որոշում են կայացնում իրենց սպառման և խնայողությունների ծավալների վերաբերյալ: Այդ երկընտրանքի օպտիմալ մակարդակը գնահատելու նպատակով՝ մաքսիմալացված միջժամանակային սպառման օգտակարության ֆունկցիայի հիման վրա դուրս է բերվում Էյլերի հավասարումը, որտեղ էլ արտացոլվում է տնային տնտեսությունների սպառողական վարքագիծը՝ կախված իրական տոկոսադրույքից:
Չնայած EISC գործակցի հույժ կարևորությանը, այնուամենայնիվ տնտեսագետները չունեն միասնական պատասխան այն հարցի վերաբերյալ, թե իրականում որքան պետք է կազմի EISC գործակցի մակարդակը: Այսպես, (Campbell and Viceira, 1999) աշխատանքում EISC գործակցի գնահատված մակարդակը տատանվում է 0.03-1.33 միջակայքում, (Epstein and Zin, 1991) աշխատանքում՝ 0.19-0.41 միջակայքում, (R. Hall, 1988) աշխատանքում հեղինակը եկել է այն եզրակացության, որ EISC գործակցի մակարդակը տատանվում է 0–0.2 միջակայքում: Մեկ այլ աշխատանքում (M. Yogo, 2004), կիրառելով տարբեր տնտեսաչափական (էկոնոմետրիկական) եղանակներ, EISC գործակցի հաշվարկները իրականացվել են 11 զարգացած երկրների եռամսյակային մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա: Այդ հաշվարկների արդյունքում հեղինակը եկել է այն եզրակացության, որ չնայած տարբեր երկրների համար ստացված գնահատականները էականորեն շեղվում են միմյանցից, այնուամենայնիվ EISC գործակիցը բացարձակ արժեքով տատանվում է 0–1 միջակայքում: Այսպիսով, չնայած EISC գործակցի մակարդակի վերաբերյալ գոյություն չունի միասնական պատասխան, բայց մի բան որոշակի է՝ այդ գործակցի արժեքը մեծ է զրոյից և փոքր է մեկից, և ինչպես ցույց են տալիս տարբեր հեղինակների կողմից կատարված հաշվարկները, բացարձակ արտահայտությամբ այդ գործակցի մակարդակը, գերակշռող դեպքերում, տատանվում է 0.5- ի շուրջ: Ելնելելով այդ հանգամանքից՝ սույն հետազոտության հիմնական նպատակն է գնահատել EISC գործակիցը ՀՀ-ի համար և այնուհետև ստուգել, թե որքանով է ՀՀ-ի համար գնահատված գործակիցը համապատասխանում այլ երկրների համար հաշվարկված EISC գործակցի մակարդակին: ՀՀ-ի համար EISC գործակցի հաշվարկները իրականացվել են նորքեյնսյան տիպի մակրոմոդելներից դուրս բերվող Էյլերի հավասարման միջոցով: Ընդ որում, գնահատվել են Էյլերի հավասարման երկու տարբերակներ, որոնց դուրսբերումները ներկայացված են (Gali J, Monacelli T., 2004, P. Liu 2006) աշխատանքներում:
Կիրառելով այդ աշխատանքներում ներկայացված Էյլերի հավասարումները՝ ՀՀ-ի համար գնահատվել է EISC գործակիցը, որի մակարդակը տատանվում է 0-0.7 միջակաքում, իսկ առավել հավանական արժեքը կազմում է 0.32: Նշենք, որ EISC գործակցի գնահատման համար կիրառել ենք նվազագույն քառակուսիների ավանդական եղանակը (OLS2 ), երկքայլ նվազագույն քառակուսիների եղանակը (TSLS3 ): ՀՀ-ի համար գնահատված EISC գործակիցը կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկի եռամսյակային կանխատեսման մոդելում:
Այսպիսով, սույն աշխատանքը ունի հետևյալ կառուցվածքը: Առաջին բաժնում ներկայացվում են EISC գործակցի տնտեսագիտական հիմունքները և էությունը, երկրորդ բաժնում՝ տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունեցող EISC գործակցի հատկորոշման մոտեցումները, երրորդ բաժնում՝ EISC գործակցի գնահատման տնտեսաչափական մեթոդաբանությունը: Չորրորդ բաժնում, կիրառելով ՀՀ իրական սպառման և իրական տոկոսադրույքի եռամսյակային ժամանակային շարքերը, իրականացվում են EISC գործակցի փաստացի հաշվարկները: Վերջում կատարվում են եզրակացություններ ՀՀ-ում EISC գործակցի մակարդակի վերաբերյալ: