ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի և տնտեսական զարգացման վրա մարդկային կապիտալի և միգրացիայի ազդեցության գնահատումը
ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի և տնտեսական զարգացման վրա մարդկային կապիտալի և միգրացիայի ազդեցության գնահատումը
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Ռոլան Մնացականյան, Աշոտ Մկրտչյան
Համառոտ նկարագիր
Հետազոտությունում ուսումնասիրվում է մարդկային կապիտալի (ՄԿ) կուտակման, միգրացիայի և միգրանտների կողմից իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին ուղարկված դրամական փոխանցումների միաժամանակյա ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի և երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա: Այդ նպատակով ընդլայնվել է փոքր տնտեսության համար մշակված Ուզավա-Լուկասի երկու հատվածանի (արտադրության հատված և կրթության հատված) ներծին (էնդո- գեն) մոդելը՝ ներառելով միգրանտի նոր արտադրական ֆունկցիան: Միգրանտը և սպառողը միավորվում են՝ առավելագույնի հասցնելով իրենց սպառման միասնական օգտակարության ֆունկցիան:
Ընդլայնված մոդելի (ԸՄ) լուծումից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մարդկային կապիտալի միգրացիայի և սեզոնային միգրանտների կողմից ուղարկված դրամական փոխանցումների միաժամանակյա ազդեցության հետևանքով ֆիզիկական և մարդկային կապիտալների կուտակման, ինչպես նաև սպառման իրական հատվածում ՄԿ զբաղվածության, խնայողությունների և տնտեսական աճի տեմպերը մնում են ավելի ցածր, քան մինչև միգրացիան: Արտերկրում մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցների կողմից ուղարկված դրամական միջոցների աճի տեմպերի ավելացմանը զուգընթաց, այն ավելացնում է ֆիզիկական կապիտալի և ՄԿ կուտակման տեմպերը, ինչը նշանակալի դրական ազդեցություն է ունենում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ ԸՄ-ում ներառված մյուս մակրոցուցանիշների անցումային դինամիկայի և երկարաժամկետ աճի տեմպերի ու դրա դինամիկայի վրա: ԸՄ սկզբնական տարբեր պայմանների և պարամետրերի ընտրությունը առաջ է բերում երկարաժամկետ կայուն դրությանը մակրոցուցանիշների անցման տարբեր օպտիմալ հետագծեր: ԸՄ մակրոցուցանիշների անցումային դինամիկայի և երկարաժամկետ կայուն իրավիճակների տարբեր սցենարների համեմատումը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդկային կապիտալի, ինչպես նաև միգրացիայի ազդեցության հետևանքով մակրոցուցանիշների ճշգրտման մեխանիզմները և ներկայացնելու դրանց անցումային դինամիկան և երկարաժամկետ կայուն իրավիճակները: