ՀՆԱ-ի ճեղքի գնահատման կառուցվածքային և ոչ կառուցվածքային մոտեցումները ՀՀ տնտեսության համար

ԱՓ 08/10-02

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ 
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

ՀՆԱ-ի ճեղքի գնահատման կառուցվածքային և ոչ կառուցվածքային մոտեցումները 
ՀՀ տնտեսության համար
Քնարիկ Այվազյան

Համառոտագիր

Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո գնաճի կառավարման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու, կայուն տնտեսական աճի ապահովմանը չխոչընդոտելու և գնաճային ճնշումներ թույլ չտալու առումով խիստ կարևորվում է իրական ՀՆԱ-ի փաստացի և պոտենցիալ մակարդակների տարբերության կամ ՀՆԱ ճեղքի գնահատումը: Սույն աշխատության նպատակը ՀՀ տնտեսության համար ՀՆԱ-ի ճեղքի գնահատումն է կառուցվածքային (կառուցվածքային վեկտոր-ավտոռեգրեսիվ մեթոդ (SVAR), արտադրական ֆունկցիայի գնահատում (PF) և չդիտարկվող փոփոխականի բազմաչափ ֆիլտրեր (MVUC)) և ոչ կառուցվածքային (Հոդրիկ-Պրեսքոթ ֆիլտր (HP), Բաքստերի և Քինգի կողմից կիրառվող Միջակայքերի փոփոխման ֆիլտր (BK) և միաչափ ֆիլտրեր (UC)) մեթոդների հիման վրա, որը կարող է օգտագործվել ՀՀ ԿԲ Եռամսյակային կանխատեսումների մոդելում՝ նպաստելով մոդելի բարելավմանը և ընթացիկ տնտեսական զարգացումներին համապատասխան դրամավարկային քաղաքականության իրականացմանը:

Չնայած կիրառված մեթոդների տարբերություններին`գնահատման արդյունքները ցույց են տվել, որ այլընտրանքային ինը մեթոդների հիման վրա հաշվարկված իրական ՀՆԱ ճեղքի վարքագծերը գրեթե նույնն են և համահունչ են 1999-2010թթ. տնտեսական զարգացումներին: