Ձեռնարկությունների մրցունակության և ֆինանսական ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն

Ձեռնարկությունների մրցունակության և ֆինանսական ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն
Ավարտական հաշվետվություն

Սույն փաստաթղթում ներկայացվում է 2006թ. փետրվարի 28-ին ՀՀ Կենտրոնական բանկի և Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջև կնքված թիվ 12/280264 պայմանագրով (Ձեռնարկությունների մրցունակության և ֆինանսական ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն) նախատեսված աշխատանքների ավարտական հաշվետվությունը, որն ամփոփում է աշխատանքների կատարման պայմանագրի Հավելված 2-ով (Օրացուցային պլան) նախատեսված աշխատանքների արդյունքները: Համաձայն Օրացուցային պլանի ավարտական փուլը տևում էր 3 ամիս, որի արդյունքում գիտահետազոտական խումբը պետք է ներկայացներ կատարված աշխատանքներն ամփոփող և վերլուծող վերջնական հաշվետվություն` բաղկացած հետևյալ հիմնական հատվածներից`

Ուսումնասիրության գործիքի, ընտրանքի և ծածկույթի, ինչպես նաև մեթոդոլոգիական ու տեսական հիմքերի ներկայացում:

Երկրի մակարդակով մրցունակության գնահատում` հիմնված երկրորդային տվյալների ու ուսումնասիրությունների, և հարցումների արդյունքում հավաքագրված տեղեկատվության վրա:

  • Ուսումնասիրված ճյուղերի մրցակցային միջավայրի ընդհանուր բնութագիր, հիմնական բնութագրիչների միջճյուղային համեմատություններ, ներառյալ ձեռնարկությունների մրցունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ` աշխատանքի արտադրողականության, միավոր աշխատուժի ծախսի ցուցանիշի, միջին աշխատավարձի գնահատականներ:
  • Դիտարկված յուրաքանչյուր ճյուղի մրցակցային պատկերի ներկայացում`ամփոփված Պորտերի ադամանդի տեսքով:
  • Մշակված մեթոդոլոգիայի հիման վրա ճյուղի մրցունակության ամփոփ գնահատականի կառուցում և ուսումնասիրված ճյուղերի ռեյթինգավորում:
  • Ֆինանսական ռեսուրների կառավարման ոլորտի ուսումնասիրության արդյունքների ամփոփում:
  • Ճյուղերի Դիֆուզիոն ինդեքսի կառուցում և ստացված արդյունքների մեկնաբանություն:

Բոլոր երեք հարցումների ընթացքում հավաքագրված տվյալների համեմատականները բերված են հետևյալ տրամաբանությամբ.

  • քանակական տվյալները համեմատվում են ըստ տարիների, այն է` առաջին հարցումն անդրադարձել է գործունեության 2004 և 2005 թվականների արդյունքներին, երկրորդը` 2006 և 2005 թվականների արդյունքներին, իսկ վերջինը` 2007թ. 1-ին կիսամյակի արդյունքներին: Համեմատությունները կատարվում են հիմնականում 2005-2007թթ. կտրվածքով, ընդ որում՝ 2007 թվականի կիսամյակային տվյալները տարածված են ամբողջ տարվա վրա` տեքստում ներկայացված մոտեցման համաձայն,
  • որակական գնահատականները համեմատվում են ըստ հարցումների անցկացման ժամանակահատվածների, այսինքն` 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերի, 2007թ. փետրվար մարտի արդյունքները` 2006թ. հուլիս-օգոստոսի նկատմամբ:

Այս մեթոդաբանությունը պահպանվում է ողջ հաշվետվության ընթացքում, եթե այլ բան նշված չէ: Այն դեպքերում, երբ փոփոխությունն ակնհայտորեն պայմանավորված է ընտրանքում կատարված փոփոխությունների հետ, տեքստում այդ մասին կատարվում է համապատասխան հղում:

Քանի որ այս փուլում ամփոփվում են մինչ այժմ կատարված բոլոր տեսակի վերլուծություններն ու դրանց արդյունքները, ուստի ֆինանսական կառավարման վերաբերյալ երեք հարցումների ընթացքում ստացված արդյունքները սույն հաշվետվությունում համադրվում են Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության և բիզնես միջավայրի ուսումնասիրության (BEEPS) 2005 թվականի տվյալների հետ: Բացի այդ, այս փուլում կրկին առանձին ներկայացվում են ճյուղային Պորտերի ադամանդները` ամփոփ տեսքով և դրանց համապատասխան ճյուղային նկարագրերը:

Հաշվետվության առաջին μաժնում ներկայացված է երեք հարցումների ընթացքում կիրառված հիմնական գործիքը և դրա լրամշակումները, ընտրանքի ձևավորման մեխանիզմը և բոլոր երեք հարցումների ընտրանքների կազմը և կառուցվածքը, հաշվետվությունում կիրառված տեսական մոտեցումներն ու մեթոդաբանությունը:

Հաշվետվության երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված է ազգային մրցունակության վերլուծությանն ու գնահատմանը: Ներկայացված են մրցունակության գնահատման և մրցունակության ընդհանուր գնահատականի որոշման սկզբունքները: Համեմատությունն իրականացվել է ԱՊՀ և Եվրոպական միության նոր անդամ ու թեկնածու պետությունների ցուցանիշների նկատմամբ, որոնք խմբավորված են եղել երկու հիմնական բաժիններում` մրցունակության հիմնական պայմաններ և մրցունակության քաղաքականության ցուցանիշներ: Վերջում ամփոփվում է Հայաստանի Հանրապետության դիրքը նշված 25 երկրների ցանկում:

Երրորդ մասն ամփոփում է ուսումնասիրվող ձեռնարկությունների մրցունակության ընդհանուր նկարագիրը: Նախ ներկայացված է երեք հարցումների արդյունքում հավաքագրված տեղեկատվության ծածկույթը և ուսումնասիրությունում ընդգրկված հաստատությունների ընդհանուր բնութագիրը: Այնուհետև միջճյուղային համեմատականների տեսքով վերլուծվում են մրցունակության տարբեր ցուցանիշներ, ինչպիսիք են արտադրողականությունը, միավոր աշխատուժի ծախսը, ներմուծողների հետ մրցակցության և արտաքին շուկայում մրցակցության խոչընդոտները, մրցակցության ինտենսիվությունը ներքին շուկայում ու դրա դինամիկան և այլն:Վերլուծվում են հումքի ներմուծման պատճառները, դրամի արժեվորման ազդեցությունը ձեռնարկությունների մրցունակության վրա, ինչպես նաև ամփոփ տեսքով ներկայացվում է ուսումնասիրված ձեռնարկությունների կառավարման համակարգերի առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը այլ պարամետրերի վրա: Հնարավորության դեպքում բերվում են համեմատականներ բոլոր երեք հարցումների կտրվածքով: Ընդ որում, հնարավորության դեպքում համեմատականներն անց են կացվում ոչ միայն ըստ ճյուղերի, այլև ըստ ձեռնարկությունների այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են` արտահանողներ, ներմուծողների հետ մրցակցողներ, հումք ներմուծողներ, օտարերկրյա մասնակցությամμ ձեռնարկություններ և ըստ չափերի: Հաշվետվության այս մասն ավարտվում է ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսների կառավարման մոտեցումների վերլուծությամբ:

Մասնավորապես քննարկվել են ձեռնարկությունների կողմից օգտագործվող ֆինանսական ռեսուրսների աղբյուրները և դրանց օգտագործման նպատակները, օգտագործվող ֆինանսական գործիքները, դրանց ժամկետայնությունը, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական գործիքների ժամկետայնություններն ըստ ճյուղերի, ձեռնարկությունների չափերի և դրանցում առկա օտարերկրյա մասնակցության: Դիտարկվել են նաև ձեռնարկությունների կողմից ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը խոչընդոտող հիմնական գործոններն ըստ ճյուղերի ու ձեռնարկությունների չափերի, ինչպես նաև ձեռնարկությունների կողմից ազատ ռեսուրսների տեղաբաշխման գործիքներն ու դրանց ժամկետայնությունը:

Հաշվետվության չորրորդ մասում ներկայացաված են Պորտերի ադամանդները մի շարք խոշորացված ճյուղերի համար` համակցված ճյուղերի ամփոփ նկարագրերով:

Վերջին հատվածում, ամփոփելով նախորդ բաժնում կատարված գնահատականները և օգտվելով հարցաթերթում ներառված մի շարք հարցերից կառուցվել է ճյուղի մրցունակության ամփոփ գնահատական:

Հավելվածներում ներկայացված են Դիֆուզիոն ինդեքսները /համապատասխան մեթոդաբանությամբ/ և այլ լրացուցիչ տեղեկատվություն: