ՀՀ Ներհոսող Տրանսֆերտների Որոշիչները և Շարժառիթները: Տրանսֆերտ, Տնտեսական աճ և Իրական Փոխարժեք Փոխկապվածությունը
ԱՓ 08/08-02
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Արտաքին Տնտեսական Հարաբերությունների բաժին
ՀՀ Ներհոսող Տրանսֆերտների Որոշիչները և Շարժառիթները: Տրանսֆերտ, Տնտեսական աճ և Իրական Փոխարժեք Փոխկապվածությունը
Հարություն Սարգսյան
Մասնակցել են` Վարդան Արամյան, Վահագն Գրիգորյան, Աշոտ Մկրտչյան
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Վերջին ժամանակներս տնտեսագետների կողմից արդիական վերլուծությունների շարքում բավականին մեծ տարածում են ստացել աշխատուժի միգրացիային, տրանսֆերտներին վերաբերող թեմաները, որոնց հիմնական նպատակների շարքում առանձնացվում են դրանք պայմանավորող մակրո-միկրո որոշիչները և հնարավոր մակրոտնտեսական ազդեցությունները: Տասնամյակ առաջ նման վերլուծությունները չէին կարևորվում այն պարզ հանգամանքով, որ զարգացող և անցումային երկրների մասնավոր հատվածի կողմից ուղարկվող փոխանցումների ծավալները բավականին փոքր էին: Բացի դա տրանսֆերտների վերլուծությունները վերաբերում էին հիմնականում ալտրուիստական մոտեցումներին, ինչպես նաև բացառվում էին տրանսֆերտների դրական ազդեցությունները տնտեսական զարգացման վրա: Երկրների միջև ինտեգրման շարունակական գործընթացը, ինչը հանգեցնում է աշխատուժի երկրների միջև տեղաշարժի ակտիվացմանը և հետևաբար` դրամական փոխանցումների տարեցտարի աճող հոսքերի, արդեն տնտեսական քաղաքականության տեսանկյունից առանձնակի ուշադրության է արժանանում: Ուստի խելամիտ և ժամանակին լուծումներ տալը երկարաժամկետում կունենա իր դրական արդյունքները:
Աշխատուժի միգրացիայի նոր տեսությունը առաջարկում է տարբեր մոտեցումներ փորձնական վերլուծությունների համար, որոնք միգրացիայի և տրանսֆերտների որոշիչների կողքին եզրահանգումներ են անում նաև այլ տեսանկյուններից:
Նյութը բաղկացած է երկու հիմնական մասից.
- առաջին մասում ներկայացված է տեսության կողմից առաջ քաշվող տրանսֆերտների շարժառիթներին վերաբերող նոր մոտեցումները, տրանսֆերտների մակրո և միկրո ազդեցությունները տնտեսության վրա,
- երկրորդ մասն ամբողջովին վերաբերում է Հայաստանի օրինակին, որտեղ 2006թ. ՀՀ տնային տնտեսությունների կողմից արտերկրներից ստացված դրամական փոխանցումների միջհատվածային տվյալների հիման վրա մոդելավորվել է տրանսֆերտների վարքագիծը:
Արդյունքում` փորձնականորեն ապացուցվել է ալտրուիստական շարժառիթների գերակայությունը: Իրականացվել է տրանսֆերտների ցիկլային վարքագծի վերլուծություն, որի արդյունքում գնահատվել է տրանսֆերտների զգայունությունը Հայաստանի տնտեսական աճի տատանումներից: Եվ ի տարբերություն միկրոմակարդակում արված վերլուծության արդյունքների, որոնք վկայում են ալտրուիստական շարժառիթների գերակայությունը կամ առավելապես սպառման հարթեցման շարժառիթները, մակրոմակարդակում տրանսֆերտները դրականորեն (համացիկլիկայնություն) են արձագանքում ՀՆԱ տատանումներին` ենթադրելով ճիշտ հակառակ` ներդրումային, վարքագիծ:
Եվ վերջում ներկայացված է մակրոմոդել, որտեղ տրվել է տրանսֆերտների ազդեցության գնահատականը վերջին տարիների տնտեսական աճի վրա: Բացի դա հետագա տարիների համար տրվել են տնտեսական աճի գնահատականներ` տրանսֆերտների վարքագծի տարμեր սցենարների ներքո: