Դոլարայնացման Շարժառիթները Հայաստանում
ԱՓ 08/08-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Դոլարայնացման Շարժառիթները Հայաստանում
Արփինե Դալլաքյան, Վահագն Գրիգորյան
Համառոտագիր
Աշխատանքում փորձ է կատարվել բացահայտել այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորում են տնտեսավարող սուբյեկտների` որևէ արժույթին նախապատվություն տալու վարքագիծը, ինչպես նաև գնահատել դոլարայնացման վրա այդ գործոնների ազդեցության չափը: Ուսումնասիրվել և ներկայացվել են դոլարայնացման տարբեր ձևերն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև դոլարայնացման շարժընթացը բացատրող երկու տեսական մոդելներ, որոնցից առաջինը տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը բացատրում է արժութային փաթեթի հետ կապված ռիսկերի նվազեցմամբ, իսկ երկրորդը` համակարգային արտաքին խնդիրների առկայությամբ: Նշված մոդելները դիտարկվել են նաև Հայաստանի համար կատարված փաստացի տվյալների կիրառմամբ:
Նվազագույն ռիսկով փաթեթի ընտրության մոդելի հիման վրա գնահատվել է ՀՀ տնտեսության համար նվազագույն ռիսկ ապահովող ֆինանսական դոլարայնացման մակարդակը, և արդյունքում պարզվել է, որ 1997 - 2007 թթ. ՀՀ-ում տնային տնտեսություններն ընտրել են օպտիմալից բարձր դոլարայնացման մակարդակ, մինչդեռ իրավաբանական անձանց վարքագիծը մեծամասամբ մոտ է եղել օպտիմալին:
Համակարգային արտաքին խնդիրների մոդելի հիման վրա գնահատվել և վերլուծվել են ՀՀ-ում դոլարայնացման կայուն հավասարակշռության մակարդակները տարբեր ժամանակահատվածների համար: Ռեգրեսիոն վերլուծության արդյունքում պարզվել է, որ 1997-98 թթ. ՀՀ-ում գրանցվել է դոլարայնացման բարձր մակարդակ, որը պահպանվել է ընդհուպ 2005 թ.: Սակայն 2005 թ. իրական հատվածում արտարժութային վճարումներ ընդունելու օրենսդրական սահմանափակումներն առաջացրեցին արտարժույթի օգտագործման հետ կապված լրացուցիչ ծախսեր, որի արդյունքում, 2005 թ. սկսած, տնտեսությունում ձևավորվել է դոլարայնացման ցածր կայուն հավասարակշռության մակարդակ: