Փոքր բաց տնտեսության մակրոմոդել Հայաստանի Հանրապետության տնտեսության համար
Փոքր բաց տնտեսության մակրոմոդել Հայաստանի Հանրապետության տնտեսության համար
Տնտեսական հետազոտությունների վարչություն
Աշոտ Մկրտչյան
Սույն աշխատանքում ներկայացվում է դրամավարկային քաղաքականության փոխանցումային ուղիների դինամիկ ընդհանուր հավասարակշռության մակրոմոդել փոքր բաց տնտեսությունների համար: Այն կառուցվել է նորքեյնսյան մակրոտնտեսագիտության սկզբունքների հիման վրա՝ ներառելով տնտեսավարող սուբյեկտների միկրոտնտեսական հիմքերից բխող վարքագծերի օպտիմալացման մեթոդաբանությունը, շուկաների մենաշնորհային մրցակցային կառուցվածքը, գնագոյացման կոշտությունները ապրանքային շուկաներում, տնտեսավարող սուբյեկտների ռացիոնալ սպասումները և ընդհանուր հավասարակշռության սկզμունքները: Որպես դրամավարկային քաղաքականության նպատակներին ծառայող մակրոմոդել, այն առավելապես ուղղված է գնաճի տատանողականության կարգավորմանը:
Վերջինս ապահովվում է մոդելում դրամավարկային քաղաքականության գործառնական նպատակի՝ տոկոսադրույքի որոշման կանոնի կամ արձագանքի հավասարման առկայությամբ: Մոդելի կառուցվածքի հիմքում փոքր բաց տնտեսության մոդելավորման սկզբունքներն են, որոնք ներառում են նաև ՀՀ տնտեսությանը բնորոշ հետևյալ առանձնահատկությունները: Ներմուծված ապրանքների գնագոյացման գործընթացում, բացի մեկ գնի օրենքի չպահպանման սկզբունքից, հաշվի է առնվել նաև ՀՀ տնտեսության այն առանձնահատկությունը, որ զգալի աշխատուժ է ներառված այդ ապրանքների մանրածախ վերաբաշխման հատվածում, որոնք ստեղծում են ծառայությունների մատուցման ավելացված արժեք:
Արդյունքում` աշխատուժի փոխհատուցման ծախսերը և արտադրողականությունը՝ տնտեսության ձեռնարկությունների իրական սահմանային ծախսերը, նույնպես իրենց ազդեցությունն են ունենում ներմուծված ապրանքների գնագոյացման գործընթացում: Միաժամանակ, ներմուծված ապրանքների վաճառքի ծավալների փոփոխությունը ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում վերաբաշխման հատվածում ստեղծված ծառայությունների ավելացված արժեքի, հետևաբար նաև իրական ՀՆԱ-ի վրա:
Մոդելում ներառվել են արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտները: Դա արվել է այն ենթադրությունների հիման վրա, որ Սփյուռքը դիտարկվել է որպես արտերկրի մի մաս, երբ նրանց սպառման օգտակարության փոփոխությունը ունենում է ազդեցություն մեր տնտեսության վրա, սակայն չի ազդում արտերկրի սպառման ցուցանիշի վրա: Սփյուռքի սպառման փոփոխությունը, արտերկրի հետ ներքին տնտեսության ընդհանուր հավասարակշռության սկզբունքների ներքո, արտացոլվում է մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքում՝ որպես ուղղակի զուտ եկամուտ` իրենց հարազատներին և զուտ արտարժութային ֆինանսական ներհոսքում` որպես ներդրումներ կատարելու շարժառիթ: Արդյունքում` մասնավոր տրանսֆերտների և զուտ ֆինանսական ներհոսքի ներառումը մոդելում հնարավորություն է տվել բացատրելու փոխարժեքի վարքագիծը, որի վրա հատկապես վերջին տարիներին առավելապես ազդեցություն են ունեցել այս գործոնները:
Փաստացի ժամանակային շարքերի հետ մոդելի համադրումը ցույց է տվել, որ այն իր կառուցվածքով և պարամետրերի գնահատված արժեքներով բավարար չափով բացատրում է մակրոտնտեսական հիմնական փոփոխականների փաստացի տատանումները և կարելի է կիրառել դրամավարկային քաղաքականության վերլուծությունների համար:
Նշենք նաև, որ սույն աշխատանքում ներկայացվող դրամավարկային քաղաքականության փոխանցումային ուղիների մակրոմոդելը ծառայելու է նաև որպես հենքային մոդել` ներկայումս ՀՀ կենտրոնական բանկում առկա եռամսյակային կանխատեսման մոդելի կառուցվածքային հավասարումների և նրանց պարամետրերի ճշգրտման և հետագա ընդլայնման համար: