Դրամավարկային Պայմանների Ինդեքսի Կիրառությունը ՀՀ-ում
ԱՓ 08/09-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Դրամավարկային Պայմանների Ինդեքսի Կիրառությունը ՀՀ-ում
Շահանե Հարությունյան
2009 թվական
Լողացող փոխարժեքով ռեժիմի և կապիտալի մոբիլության պայմաններում տոկոսադրույքն ու փոխարժեքը հանդիսանում են դրամավարկային քաղաքականության փոխանցման հիմնական մեխանիզմները, և հետևաբար քաղաքականության ուղղվածությունը բնութագրելու համար առավել նպատակահարմար է դրանք միասնական ցուցանիշի միջոցով արտահայտելը, ինչի համար էլ կիրառվում է դրամավարկային պայմանների ինդեքսը:
ԴՊԻ-ն իրենից ներկայացնում է կարճաժամկետ տոկոսադրույքի և արդյունավետ փոխարժեք` բազիսային ժամանակահատվածի նկատմամբ փոփոխությունների միջին կշռված հանրագումարը, որտեղ կշիռները ընտրվում են տնտեսական աճի կամ գնաճի վրա տոկոսադրույքի և փոխարժեքի ազդեցության չափերին համամասնորեն: Ընդ որում, բազիսային ժամանակաշրջանի նկատմամբ դրամավարկային պայմանների ինդեքսը հաշվարկելիս տոկոսադրույքի փոփոխությունը արտահայտվում է տոկոսային կետով, իսկ փոխարժեքի փոփոխությունը` հավելաճի տեմպի միջոցով, ինչը պայմանավորված է տոկոսադրույքի և փոխարժեքի չափողականությունների համադրելիությունը ապահովելու անհրաժեշտությամբ:
ԴՊԻ-ի վարքագիծը արտացոլում է համապատասխան ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության զսպողական կամ ընդլայնողական լինելու բնույթը: Վերջինս կենտրոնական բանկերի կողմից կարող է օգտագործվել որպես գործառնական նպատակ, որպես դրամավարկային քաղաքականության ինդիկատոր, կամ էլ որպես դրամավարկային քաղաքականության կանոն: Առաջին անգամ ԴՊԻ-ի հայեցակարգը մշակվել է Կանադայի բանկում` 1990-ական թվականների սկզբներին: Կանադայի բանկի կողմից վերջինիս հրապարակումից հետո մի շարք երկրների կենտրոնական բանկեր հետևեցին նրա փորձին: Այն հաշվարկվում է Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, ասիական մի շարք երկրների, մասնավորապես` Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Հնդկաստանի, Կորեայի, Ինդոնեզիան, Հոնգ-Կոնգի, Թայլանդի և մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի կողմից:
Բացի կենտրոնական բանկերից ԴՊԻ-ն հաշվարկվում ու վերլուծության է ենթարկվում ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչների, այնպես էլ ներդրումային կազմակերպությունների կողմից, և այն հաշվի է առնվում նրանց կողմից ներդրումային որոշումների ընդունման ժամանակ: Սույն հոդվածում ներկայացված է ԴՊԻ-ի հայեցակարգի նկարագրությունը, կառուցման միջազգային փորձը, ինչպես նաև վերջինիս կիրառությունն ու կառուցումը ՀՀ տնտեսության համար: Աշխատանքի համար հիմք է հանդիսացել ինչպես միջազգային գրականության ուսումնասիրությունը, այնպես էլ 2000 թվականին ՀՀ տնտեսության համար այս թեմայով կատարված ուսումնասիրության արդյունքները:
Աշխատանքի արդյունքում, 1999-2007 թ.թ. տվյաներով, կառուցվել է անվանական ԴՊԻ-ն, և վերլուծվել, թե որքանով է վերջինիս վարքագիծը ճիշտ արտացոլում այդ ժամանակահատվածում ԿԲ իրականացրած քաղաքականությունը: Մեր կողմից կառուցվել է նաև կայուն փոխարժեքով ԴՊԻ` 2004 թվականի երրորդ եռամսյակից ՀՀ տնտեսությունում արձանագրվող դրամի փոխարժեքի արժևորման ազդեցությունը չեզոքացնելու համար, քանի որ վերջինս քաղաքականության իրականացման արդյունք չի հանդիսանում: Բացի այդ, ըստ մեզ, անվանական ԴՊԻ-ն կարող է օգտագործվել ոչ միայն անցած, այլ նաև ապագա քաղաքականությունն արտացոլելու համար: