Չիրացված ուսումնական ներուժ․ ի՞նչ է ցույց տալիս PISA գնահատումը Հայաստանի համար
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Չիրացված ուսումնական ներուժ․ ի՞նչ է ցույց տալիս PISA գնահատումը Հայաստանի համար
Հետազոտական ամփոփագիր 2026-05
Անահիտ Գասպարյան, Անահիտ Եսայան և Գևորգ Մինասյան
Համառոտագիր
2025 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որին մասնակցել է 91 երկիր։ Հետազոտությունը գնահատում է 15-ամյա աշակերտների հիմնարար հմտությունները գիտության, ընթերցանության, մաթեմատիկայի և թվային խնդիրների լուծման ոլորտներում։ Արդյունքները ցույց են տալիս, որ հայ աշակերտների միջին առաջադիմությունը զգալիորեն ցածր է ՏՀԶԿ միջինից բոլոր չորս ուղղություններով, իսկ երկրի դիրքը, կախված ուղղությունից, տատանվում է 73–83-րդ տեղերի սահմաններում։ Առավել մտահոգիչ է հմտությունների բաշխվածությունը․ աշակերտների շուրջ 58%-ը բոլոր երեք հիմնական ուղղություններում (գիտություն, ընթերցանություն և մաթեմատիկա) չի հասնում Level 2 մակարդակին՝ այն նվազագույն շեմին, որի դեպքում աշակերտը կարողանում է գիտելիքը կիրառել պարզ և ծանոթ իրավիճակներում։ ՏՀԶԿ-ում այդ ցուցանիշը միջինում 20% է։ Միաժամանակ, բարձր առաջադիմություն ցուցաբերող՝ Level 5 կամ 6 մակարդակի հասնող աշակերտների տեսակարար կշիռը Հայաստանում ընդամենը 0.8% է՝ ՏՀԶԿ-ի 11.9%-ի դիմաց։ Թվային խնդիրների լուծման ուղղությամբ ևս Հայաստանի արդյունքը զգալիորեն թույլ է՝ 354 միավոր ՏՀԶԿ-ի 500-ի դիմաց, որը շուրջ 42 միավորով ցածր է այն մակարդակից, որը կարելի էր սպասել՝ հաշվի առնելով գիտության ցուցանիշները։
Հմտությունների այս բացը ունի նաև էական երկարաժամկետ տնտեսական ազդեցություն։ Մեր գնահատմամբ՝ եթե բոլոր հաջորդող սերունդները հասնեն առնվազն Level 2 մակարդակին, ավելի բարձր հմտությունների արդյունքում ձևավորվող երկարաժամկետ տնտեսական օգուտների ներկա արժեքը այլ հավասար պայմաններում կարող է կազմել Հայաստանի ներկայիս մեկ տարվա ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկը։