Երբ ճգնաժամը չի սկսվում բանկից. ավանդատուների վարքագիծը համակարգային անորոշության պայմաններում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Երբ ճգնաժամը չի սկսվում բանկից. ավանդատուների վարքագիծը համակարգային անորոշության պայմաններում
Հետազոտական ամփոփագիր ՀԱ-2026-03
Թաթուլ Հայրունի, Ալեքսանդր Շիրխանյան և Մանե Փիրումյան
Բանկային ճգնաժամերը միշտ չէ, որ սկսվում են նկատելի ազդանշաններով։ Երբեմն դրանք սկսվում են շատ ավելի լուռ ձևով՝ անհատ ավանդատուների որոշումներից։ Մեկը որոշում է չսպասել ավանդի մարման ժամկետին և գումարը հանել ավելի վաղ։ Մյուսը մտածում է, որ ավելի լավ է ժամանակավորապես պահել կանխիկ գումար կամ փոխել ավանդի արժույթը։ Երրորդը հետևում է շուկայում տարածվող լուրերին կամ շրջապատի վարքագծին և նույնպես որոշում է ավելի զգուշավոր լինել։ Առանձին վերցրած՝ նման որոշումները կարող են թվալ բնական և ոչ վտանգավոր։ Սակայն եթե նույն ժամանակահատվածում նման որոշումներ են կայացնում հազարավոր ավանդատուներ, ապա այն կարող է առաջացնել հավելյալ իրացվելիության ճնշում բանկային համակարգի վրա։ Այս երևույթը հատկապես կարևոր է փոքր, բաց և դոլարիզացված տնտեսությունների համար, որտեղ փոխարժեքի տատանումները, արտաքին շոկերը և անորոշությունը հասարակության շրջանում կարող են արագ ազդել մարդկանց սպասումների վրա։