Խելամիտ տնտեսական քաղաքականությունների դերը արհեստական բանականության տարածման դարաշրջանում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Խելամիտ տնտեսական քաղաքականությունների դերը արհեստական բանականության տարածման դարաշրջանում

Հետազոտական ամփոփագիր ՀԱ-2026-02

Հայկազ Իգիթյան

Արհեստական բանականությունը (ԱԲ) համարվում է ժամանակակից դարաշրջանի ամենափոխակերպող տեխնոլոգիաներից մեկը, որն ունի արտադրողականությունը, զբաղվածությունը և տնտեսության կառուցվածքը վերաձևավորելու ներուժ։ Չնայած այս ներուժին, ԱԲ-ի մակրոտնտեսական և աշխատաշուկայի վրա ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունները դեռևս համեմատաբար սահմանափակ են, որոնց զգալի մասը աստիճանաբար տեղափոխվում է համալսարաններից դեպի մասնավոր ԱԲ լաբորատորիաներ, կենտրոնական բանկեր և պետական հաստատություններ։ Այստեղ կարևորվում է անկախ հանրային հետազոտությունների իրականացումը, ինչի համատեքստում այս ամփոփագիրը նպատակ ունի նպաստել այդ հետազոտական բացի լրացմանը՝ գնահատելով ԱԲ տարածման տնտեսական հետևանքները, դրա ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև խելամիտ հանրային քաղաքականությունների դերը։

Տնտեսական զարգացման պատմությունը ձևավորվել է երկար տնտեսական ցիկլերով, որոնք հայտնի են որպես Կոնդրատիևյան ալիքներ և տևում են մոտ 40-60 տարի: Յուրաքանչյուր ալիք պայմանավորված է հիմնարար տեխնոլոգիական նորարարություններով, որոնք թեև խաթարում են գոյություն ունեցող տնտեսական կառուցակարգերը, նաև ստեղծում են նոր արտադրական ճյուղեր և վերափոխում աշխատաշուկաները: Քանի որ ԱԲ-ն զարգանում է արագացող տեմպերով և ունի գործող տնտեսական կառուցակարգերը վերափոխելու ներուժ, կարող ենք ենթադրել, որ այն կարող է ներկայացնել վեցերորդ Կոնդրատիևյան ալիքի սկիզբը:

ԱԲ-ն տարբերվում է նախորդ ալիքներից՝ իր արագությամբ և ազդեցության խորությամբ, վերափոխելով ոչ միայն տնտեսության ճյուղերը, այլև խորը փոփոխություններ առաջացնելով մտավոր և վերլուծական բնույթի աշխատատեղերում։ Եթե նախկին տեխնոլոգիական ալիքները հիմնականում վերափոխում էին ֆիզիկական աշխատանքը, ապա ԱԲ-ն ընդլայնում է ավտոմատացման հնարավորությունները նաև տվյալների մշակման, որոշումների կայացման և ստեղծագործական ոլորտներում, ինչը տնտեսության վրա թողնում է ավելի համակարգային ազդեցություն։

Այս փոփոխությունները, սակայն, ուղեկցվում են կառուցվածքային մարտահրավերներով։ Ինչպես նախորդ ալիքներում, այստեղ նույնպես ակնկալվում է գործազրկության նախնական աճ և հմտությունների անհամապատասխանություն, նախքան տնտեսությունները կհարմարվեն նոր իրականությանը։ Այս համատեքստում անհրաժեշտ է դիտարկել, թե ինչպես է ԱԲ-ն ազդում զբաղվածության վրա, որ ոլորտներում է այն լրացնում մարդկային աշխատանքը և որտեղ՝ փոխարինում։