Հետվճարը որպես սոցիալական քաղաքականություն. հաջողությո՞ւն, թե՞ բաց թողնված հնարավորություն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Հետվճարը որպես սոցիալական քաղաքականություն. հաջողությո՞ւն, թե՞ բաց թողնված հնարավորություն

Հետազոտական ամփոփագիր ՀԱ-2026-01

Նանե Հովանեսյան, Գևորգ Մինասյան, Էլեն Խանիկիրյան և Հովհաննես Խաչատրյան

Համառոտագիր

Վերջին տարիներին անկանխիկ վճարումների տարածումը ՀՀ-ում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Այս օրակարգի շրջանակում 2022 թվականին ներդրվեց կենսաթոշակային հետվճարի ծրագիրը՝ որպես վարքագծային խթան, որը մի կողմից ուղղված էր կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանության բաղադրիչի ամրապնդմանը, մյուս կողմից՝ նրանց կողմից անկանխիկ վճարումների ավելի ակտիվ օգտագործմանը։ Ծրագիրը միաժամանակ հետապնդում էր ավելի լայն հանրային նպատակներ, ինչպիսիք են ստվերային շրջանառության և կանխիկ դրամի սպասարկման հետ կապված ծախսերի նվազեցումը։ Այս հետազոտական ամփոփագրում կներկայացնենք, թե որքանով է հետվճարի ծրագիրը նպաստել կենսաթոշակառուների կողմից անկանխիկ վճարումների աճին, ինչպես են շահառուներն արձագանքել ծրագրի տարբեր փուլերում իրականացված փոփոխություններին, և ինչ դասեր կարելի է քաղել ապագա քաղաքականությունների ձևավորման համար։