Ֆինանսական խթաններ և վճարային նախընտրություններ․ էմպիրիկ վկայություն կենսաթոշակառուների հետվճարի ծրագրից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Ֆինանսական խթաններ և վճարային նախընտրություններ․ էմպիրիկ վկայություն
կենսաթոշակառուների հետվճարի ծրագրից

Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2026-02

Նանե Հովանեսյան, Էլեն Խանիկիրյան, Գևորգ Մինասյան և Հովհաննես Խաչատրյան

 

Համառոտագիր

Սույն հոդվածը գնահատում է Հայաստանում պետական հետվճարի ծրագրի ազդեցությունը կենսաթոշակառուների շրջանում անկանխիկ վճարումների օգտագործման վրա։ Ծրագրի պատճառահետևանքային ազդեցությունը գնահատվել է՝ օգտագործելով վարչական համապարփակ տվյալներ, որոնք ներառում են կենսաթոշակ ստացողների բոլոր բանկային հաշիվները, և հիմնվելով տարբեր բանկերում ծրագրի փուլային ներդրման վրա։ Հետազոտության արդյունքները վկայում են երեք հիմնական օրինաչափությունների մասին։ Նախ, ֆինանսական խթանները հանգեցնում են անկանխիկ գործարքների տեսակարար կշռի զգալի աճի․ ծրագրի ազդեցությունը 18 ամիս անց հասնում է շուրջ 21 տոկոսային կետի՝ գործարքների արժեքի, և 24 տոկոսային կետի՝ գործարքների քանակի դեպքում։ Երկրորդ, անկանխիկ վճարումների աճը կենտրոնացած է հետվճարի ծրագրում ընդգրկված կենսաթոշակային քարտերի վրա և մասամբ զուգակցվում է այլ քարտերի օգտագործման նվազմամբ, ինչը վկայում է վճարային գործիքների միջև փոխարինման, այլ ոչ թե թվային վճարումների ընդհանուր ակտիվության աճի մասին։ Երրորդ, օգտագործելով այն հանգամանքը, որ կոմունալ վճարումները դուրս են բերվել հետվճարի ծրագրի շրջանակից, մենք ցույց ենք տալիս, որ ծրագրի ազդեցությունները միայն մասամբ են պահպանվում ժամանակի ընթացքում։ Այս փոփոխությունից հետո կենսաթոշակային քարտերով իրականացվող կոմունալ վճարումները կտրուկ նվազել են, իսկ դրանց տեղափոխումը այլ քարտեր եղել է սահմանափակ, ինչը ցույց է տալիս, որ դիտարկվող վարքագծի զգալի մասը պայմանավորված է ֆինանսական խթաններին արձագանքմամբ, այլ ոչ թե կայուն վճարային սովորությունների ձևավորմամբ։ Ընդհանուր առմամբ, արդյունքները ցույց են տալիս, որ թեև ֆինանսական խթաններն արդյունավետ են կարճաժամկետ փոփոխություններ առաջացնելու հարցում, դրանց կարողությունը երկարաժամկետ և կայուն վարքագծային փոփոխություններ ձևավորելու առումով սահմանափակ է։