Ֆինանսական կայունության հաշվետվություն (2023թ. տարեկան)

Ամփոփագիր

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անորոշությունների բարձր մակարդակի պայմաններում ՀՀ ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության բնականոն ընթացքը՝ բավարարելով բնակչության և տնտեսավարող սուբյեկտների պահանջարկը ֆինանսական ծառայությունների նկատմամբ։ Տարվա ընթացքում պահպանվել է բանկային համակարգի վարկային պորտֆելի և ավանդների բնականոն աճի դինամիկան։ Վարկերի աճ արձանագրվել է վարկավորման բոլոր հիմնական ուղղություններում։ Մասնավորապես՝ բանկային համակարգի վարկային պորտֆելի աճը հավասարապես պայմանավորվել է տնային տնտեսություններին և բիզնեսին տրամադրված վարկերի աճով։ Տնտեսությանը տրամադրված վարկերի աճն ուղեկցվել է ՀՀ բարձր տնտեսական աճով, ինչի պարագայում տնտեսության պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկի էական աճ չի արձանագրվել։ Բացառություն է հիպոտեկային վարկավորման ոլորտը, որտեղ պահպանվել են դեռևս նախորդ տարիներից դիտարկվող հնարավոր գերտաքացման միտումները։

Ի տարբերություն նախորդ տարվա, 2023 թվականի ընթացքում բանկային համակարգում ավանդների աճը պայմանավորվել է բացառապես ռեզիդենտներից ներգրավված ավանդների շարունակական բարձր աճով։

2023 թվականին սպառողական վարկավորման ոլորտում դիտարկվել է ակտիվության աճ, ինչը տվյալ ոլորտում ավելցուկային/ ռիսկային վարկավորման նախանշաններ դեռևս չի պարունակում։ Նախորդ տարիների համեմատությամբ ընթացիկ տարում գրանցվել է սպառողական վարկերի աճի համեմատաբար բարձր տեմպ։ Սպառողական վարկերի պահանջարկի աճին նպաստել են տնտեսությունում եկամուտների բարձր աճը, ինչպես նաև, անշարժ գույքի շուկայում վերջին տարիներին դիտված բարձր ակտիվության պայմաններում երկարաժամկետ օգտագործման կենցաղային ապրանքների ձեռքբերման պահանջարկի աճը։ Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին երեք տարիներին սպառողական վարկերի միջին տարեկան աճի չափավոր տեմպերը, եկամուտների հարաբերականորեն բարձր աճի պայմաններում սպառողական վարկեր /ՀՆԱ ցուցանիշի գրեթե անփոփոխ մակարդակը, տվյալ ոլորտում ռիսկի էական կուտակումներ ներկայումս չեն դիտարկվում։

Հիպոտեկային վարկավորման և անշարժ գույքի շուկայում գերտաքացման ռիսկերը պահպանվել են։ Կենտրոնական բանկն իր նախորդ հրապարակումներում և մամլո ասուլիսներում բազմիցս հաղորդակցել է անշարժ գույքի շուկայում գերտաքացման միտումների և ռիսկային զարգացումների մասին: 2023 թվականին նոր տրամադրվող հիպոտեկային վարկերի մեծածավալ աճը պահպանվել է, ինչն ուղեկցվել է անշարժ գույքի գների շարունակական աճով։ Արդյունքում՝ հիպոտեկային և անշարժ գույքի շուկայի գերտաքացման ռիսկերը շարունակել են պահպանվել։ Միևնույն ժամանակ, անշարժ գույքի պահանջարկի և առաջարկի մասով նախորդ և ներկա զարգացումները թույլ են տալիս եզրակացնել, որ անշարժ գույքի շուկան կարող է գտնվել ցիկլի վերին շրջման կետին մոտ միջակայքում։ Այս պայմաններում անշարժ գույքի շուկայում ակտիվության նվազման և գների հնարավոր ճշգրտման հավանականությունը պահպանվել է։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարձր անորոշությունների միջավայրում ապագա տնտեսական ակտիվության նվազման, ինչպես նաև գնաճային նոր ճնշումների առաջացման ռիսկերը շարունակում են պահպանվել բարձր մակարդակում։ Այս պայմաններում կարող են առաջանալ տնտեսության պարտքային բեռի աճի և պարտքի սպասարկման դժվարությունների ռիսկեր։ Տարվա ընթացքում համաշխարհային ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում ընդհանուր առմամբ գերակշռել են «փափուկ վայրէջքի» սպասումները, այսինքն՝ սպասումները, որ գնաճի տեմպերը կշարունակեն նվազել, և, միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը կխուսափի խոր և տևական անկումից։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական լարվածությունների հետագա էսկալացիայի հետևանքով գնաճային նոր ճնշումների առաջացման և համաշխարհային տնտեսական աճի նվազման ռիսկերը շարունակում են պահպանվել, և դրանց նյութականացումը կարող է անդրադառնալ նաև ՀՀ տնտեսության վրա։ Այս պարագայում բարձր են գնահատվում նաև պարտքային բեռի աճի և դրանից ածանցված վարկային կորուստների նյութականացման ռիսկերը՝ ինչպես ազդեցության չափի, այնպես էլ արագության առումով։

Բանկային համակարգը բնութագրվում է կապիտալացման և իրացվելիության բարձր մակարդակով։ Բանկային համակարգը մշտապես պահպանել է կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափը գերազանցող կապիտալի համարժեքություն և իրացվելիության պաշարներ՝ ցուցաբերելով ցնցումներին դիմակայելու բարձր ունակություն։ Չնայած որոշակի նվազմանը՝ տարվա արդյունքներով բանկային համակարգում գրանցվել է բավարար բարձր շահութաբերություն։ Ի տարբերություն նախորդ տարվա, 2023 թվականին շահութաբերությանը մեծապես նպաստել է նաև զուտ տոկոսային եկամուտների աճը՝ պայմանավորված ինչպես համաշխարհային և ներքին շուկաներում համեմատաբար բարձր տոկոսադրույքների միջավայրով, այնպես էլ բանկերի հաշվեկշիռների կառուցվածքային փոփոխություններով։ Բարձր տնտեսական աճի և վարկային շուկայի ակտիվության ընդլայնման պայմաններում վարկային պորտֆելի որակը բարելավվել է։

Մակրոսթրես թեստավորման արդյունքները վկայում են ենթադրյալ խիստ վատատեսական սցենարի դեպքում ՀՀ բանկային համակարգի կողմից ռիսկերի կլանման բավարար կարողությունների մասին։ Իրականացված սթրես թեստավորման գնահատականները ներառել են նաև անշարժ գույքի շուկայում կուտակված ռիսկերի հնարավոր նյութականացման ազդեցությունները։ Մասնավորապես՝ մակրոտնտեսական ենթադրյալ խիստ վատատեսական սցենարի ներքո հաշվի են առնվել նաև հիպոտեկային վարկերի որակի և կառուցապատող ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման հետևանքով առաջացող վարկային ռիսկերը։ Արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունի բավարար կապիտալ՝ դիմակայելու սցենարով ենթադրվող իրադարձություններին։

Այնուամենայնիվ, անորոշությունների բարձր մակարդակի պահպանման պայմաններում մեծ են նաև վատատեսական սցենարի, դրա տևականության և ազդեցության չափի վերաբերյալ անորոշությունները։ Պայմանավորված վերոնշյալով՝ Կենտրոնական բանկը կարևորում է առևտրային բանկերի կողմից հավասարակշռված և խելամիտ մոտեցումերի կիրառումը ռիսկերի, կապիտալի, հաշվեկշիռների կառավարման և շահաբաժինների բաշխման գործընթացներում։

Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերը։ Տարեսկզբին ԿԲ խորհուրդը բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը 0.5 տոկոսային կետով՝ 2023 թվականի օգոստոսի 1-ից սահմանելով 1.5%։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի (այսուհետ՝ ԿՀԲ) դրույքաչափի սահմանման որոշումներում ԿԲ խորհուրդը հաշվի է առել վարկային շուկայի ցիկլային զարգացումները, ինչպես նաև բանկերի հաշվեկշիռներում արդեն իսկ կուտակված ռիսկերի գնահատականները։ Տարվա ընթացքում ընդհանուր վարկային պորտֆելի մասով ցիկլային զարգացումները հավասարակշռված են եղել:

Բանկերի հաշվեկշիռներում արդեն իսկ կուտակված վարկային ռիսկի տեսանկյունից ԿՀԲ վերաբերյալ որոշումներում առանցքային է եղել հիպոտեկային վարկերի պորտֆելի շարունակական բարձր աճը, որը, ըստ ԿԲ գնահատումների, գերտաքացման ռիսկեր է պարունակում։