Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2023թ.
Հարգելի՛ ընթերցող
Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ – 2023» տարեկան հանդեսը, որտեղ տեղ են գտել 2023 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները։ ՀՀ հուշադրամները մշտապես մեծ ուշադրության են արժանանում դրամագիտությամբ հետաքրքրվող հայ և միջազգային հանրույթի ու հասարակության լայն շրջանակներում: ՀՀ հուշադրամների (ոսկե, արծաթե և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված) թողարկումը ՀՀ կենտրոնական բանկը սկսել է 1994 թ-ից՝ նպատակ ունենալով հավերժացնելու և հանրահռչակելու Հայաստանի պատմությունն ու մշակույթը, հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչներին, Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունները, ինչպես նաև բավարարելու հանրության դրամագիտական, հավաքորդական և ներդրումային պահանջարկը:
Անցած տարին լի էր հոբելյանական իրադարձություններով, որոնց ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է դրամագիտական նոր թողարկումներով:
2023 թ. նոյեմբերի 22-ը նշանավորվեց հայկական դրամի ներդրման հոբելյանական 30-րդ տարեդարձով: ՀՀ կենտրոնական բանկն այս նշանավոր իրադարձության առիթով կազմակերպած մի շարք միջոցառումերին զուգահեռ թողարկել է «Ազգային դրամի 30 տարին» հուշադրամը, ինչպես նաև շրջանառու հիշատակային մետաղադրամների շարքը՝ բաղկացած 6 տեսակի մետաղադրամներից: Հուշադրամի և շրջանառու հիշատակային մետաղադրամների թողարկումներով ընդգծվել է 30-ամյա հայկական դրամի՝ որպես Հայաստան պետության առանձնահատուկ խորհրդանիշի կարևորությունը հայ հասարակության տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում:
Տարին հոբելյանական էր նաև հայ կինոյի համար. նշվում էր հիմնադրման 100-ամյակը: Այդ հոբելյանական իրադարձությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2023 թվականի օրացույցում: ՀՀ կենտրոնական բանկը, հայկական կինոարվեստն արժևորելով որպես հայ ժողովրդի մշակութային կենսական բաղադրիչ, ինչպես նաև նշանավորելով հայ կինոյի ավանդույթների հանրայնացումն ու կինոժառանգության փոխանցումը սերունդներին, թողարկել է հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հուշադրամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հայ կինոյի 100-ամյակի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներից մեկի պատվավոր հյուրն էր ՀՀ կենտրոնական բանկը:
Հավատարիմ մնալով ավանդույթին՝ նշանավորելու հայ անվանի արվեստագետների ստեղծագործական ներդրումը հայ և համաշխարհային մշակույթի մեջ, ՀՀ կենտրոնական բանկը 2023 թ. թողարկել է հայտնի հայ գեղանկարիչ և քանդակագործ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ: Անվանի նկարչի ծննդյան հոբելյանի առիթով Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից կազմակերպված «Հոգու հայելի» ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ հարգանքի տուրք մատուցելով Հակոբյանների ընտանիքին:
«Անվանի անհատներ» թեմայի ներքո տարվա ուշագրավ թողարկումներից է հայ հանրաճանաչ մարմնամարզիկ, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամը:
2023 թ. հայ մարզասերների համար հիշարժան էր մեկ այլ իրադարձությամբ ևս. 50 տարի առաջ «Արարատ» ֆուտբոլային թիմը նվաճեց միաժամանակ և՛ ԽՍՀՄ գավաթը, և՛ ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը: Հայկական ֆուտբոլի երկրպագուների հուշերում «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի ոգևորությունը վերապրելու և դա սերունդներին փոխանցելու նպատակով թողարկվել է ««Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» հուշադրամը: Այդ հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել և մեծարել է «Արարատ-73»-ի հանրահայտ ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովին, Սերգեյ Պողոսյանին, Սերգեյ Բոնդարենկոյին, Նորայր Մեսրոպյանին և Արկադի Հարությունյանին:
ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականին հայկական դրամի ներդրման 30-ամյակի կապակցությամբ հրատարակել է «ՀՀ դրամանիշերը» գիրքը, որը ներառում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1993-2023 թթ. թողարկված ինչպես հուշադրամների, այնպես էլ թղթադրամների և մետաղադրամների նկարագրությունը, դրանց լուսանկարները, տարբեր դրամագիտական մրցույթներում ստացած մրցանակները: Կարծում եմ՝ գրքում ներկայացված տեղեկատվությունը հետաքրքիր ու օգտակար կլինի դրամագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակին:
Մարտին Գալստյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ