Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2014թ.

Հարգելի ընթերցող.

Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» ամենամյա հանդեսը, որտեղ ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2014թ. թողարկված հուշադրամները:

Ինչպես նախորդ տարիներին` ՀՀ կենտրոնական բանկի հուշադրամների թողարկման 2014թ. տարեկան ծրագրում նախատեսվել էին հոբելյանական հուշադրամներ` նվիրված հայ ակնառու գործիչներին, պատմության ու մշակույթի հիշարժան իրադարձություններին: Ժողովրդի կողմից սիրված բանաստեղծ և մեծ հայրենասեր Հովհաննես Շիրազի և ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանները նշանավորվեցին ոսկե և արծաթե հուշադրամների թողարկմամբ: 2014թ. պատմական իրադարձություններից կարևորվել է գրահրատարակիչ, լեզվաբան, Աստվածաշունչն առաջին անգամ հայերեն լեզվով հրատարակած Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակը: Այս առումով ՀՀ կենտրոնական բանկի թողարկած այս հուշադրամը ոգևորությամբ ընդունվեց և արժևորվեց լայն հասարակության կողմից:

Շարունակելով մասնակցությունը «Էջմիածնի գանձերը» միջազգային դրամագիտական ծրագրին` 2014թ., ի հավելումն «Սուրբ Գեղարդ» հուշադրամի, թողարկվեցին քրիստոնեական խորհրդանշաններ հավերժացնող ևս երկու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» և «Սրբալույս Մյուռոնի կաթսա» հուշադրամները: Քրիստոնեական աշխարհի համար հոգեհարազատ թեմատիկայի և գեղեցիկ ձևավորման շնորհիվ այս հուշադրամները լայն տարածում ունեցան ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Մարզասերների համար 2014թ. հիշարժան էր Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության խաղերով: ՀՀ կենտրոնական բանկը, ընդունելով ՖԻՖԱ-ի առաջարկությունը, մասնակցեց «2014 FIFA WORLD CUPTM» միջազգային դրամագիտական ծրագրին և բազմաթիվ երկրների հետ մեկտեղ թողարկեց հուշադրամ` ՀՀ զինանշանի և 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների դրոշների պատկերներով: Այս հուշադրամով շարունակվեց ֆուտբոլի աշխարհի առաջնություներին (1998թ. և 2006թ.) նվիրված ՀՀ հուշադրամների շարքը:

ՀՀ կենտրոնական բանկի` հուշադրամների թողարկման շուրջ քսանամյա փորձը, ինչպես նաև պարբերաբար իրականացվող հասարակական հարցումները վկայում են, որ հուշադրամները, արտացոլելով Հայաստանի պատմությունը, մշակույթը, հոգևոր արժեքները, ձեռք են բերվում ոչ միայն դրամագետների և հավաքորդների, այլև ոչ մասնագետ մարդկանց կողմից: Հասարակությունը  նախևառաջ գնահատում է թողարկումների թեմատիկ ընտրությունը, ինչը նպաստում է նաև ապագա սերունդների կրթման և հայրենասիրական դաստիարակության գործին: Մեծ աշխատանք է տարվում հուշադրամների ձևավորումը հետաքրքիր և գրավիչ, իսկ դրանց փաթեթավորումը գունազարդ և ներկայացուցչական դարձնելու ուղղությամբ: Օրինակ` 2014թ. թողարկված «Աշխարհի ամենահին ծառերը» հավաքածուն, որը բաղկացած է «Սխտորաշենի սոսի», «Հարյուր ձիերի շագանակենի», «Հրեշտակի կաղնի», «Գեներալ Շերմանի ծառը» հուշադրամնեից, կարող է տոնական հանդիսությունների համար գեղեցիկ և պատկառելի նվեր լինել: Հուշադրամներին պատկերված են ոչ միայն ծառերը, այլև գունազարդման եղանակով կատարված դրանց տերևներն ու պտուղները:

Ցանկանում եմ նշել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների արհեստավարժությունն ու համախմբված աշխատանքը 2014թ. բերեց հերթական հաղթանակը` Մոսկվայում կայացած «Դրամների համաստեղություն 2014» միջազգային մրցույթում 2013թ. թողարկման «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքն արժանացավ մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակի:

Արթուր Ջավադյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2014

.