Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2015թ.

Հարգելի ընթերցող.

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» ամենամյա հանդեսը շարունակում է ներկայացնել կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք արտացոլում են տարվա ընթացքում նշանավորված հոբելյաններն ու իրադարձությունները:

2015թ. թողարկվեցին հուշադրամներ՝ նվիրված հայ ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի և նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին: Այս հոբելյանական թողարկումներով ներկայացվեց հայ ազգի նվիրյալների ներդրումը հայ ազգային-ազատագրական շարժման, ինչպես նաև ազգային արվեստի զարգացման գործում:

2015թ. սկզբին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Ապահովելով անդամ-պետությունների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը՝ ԵԱՏՄ-ն հնարավորություն ընձեռեց տարածաշրջանում վարելու միասնական տնտեսական քաղաքականություն՝ բնակուչության կենսամակարդակի բարելավման կայուն պայմաններ ստեծելու նպատակով: ՀՀ կենտրոնական բանկը ևս անմասն չմնաց այս գործընթացից և, ի նշանավորումն Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության մեկամյա տարեդարձի, 2015թ. թողարկեց «Եվրասիական տնտեսական միություն» հուշադրամը:

2015 թվականն արժևորվեց նաև ՀՀ սահմանադրական դատարանի հիմնադրման 20-ամյա հոբելյանով: ՀՀ սահմանադրական դատարանը ոչ միայն Սահմանադրության գերակայության և օրինականության խորհրդանիշն է, այլև Հայաստանի անկախ պետականության պահպանման հզոր ներուժ: Այս հոբելյանին է նվիրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակ» հուշադրամը:

2015թ. լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եղերական այս իրադարձությունը ՀՀ կենտրոնական բանկը հավերժացրեց «Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելից» արծաթե հուշադրամի թողարկմամբ: Հուշադրամը տպավորիչ է իր ձևավորմամբ՝ արտահայտելով ոչ միայն անսահման վիշտ ու տառապանք, այլև՝  մաքառումի ու վերածննդի վեհ գաղափարներ: Ի թիվս այլ պետական միջոցառումների՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ՀՀ կենտրոնական բանկը ձեռնամուխ եղավ «Անմոռուկ» հուշամեդալի, ինչես նաև «Նահատակված հայ մտավորականներ» և «Կորստի ու պայքարի կոթողներ» հուշամեդալների շարքերի թողարկմանը:

Ցանկանում եմ փաստել այն ուրախալի իրադարձությունը, որ 2015թ. Մոսկվայում կայացած «Դրամների համաստեղություն-2015» իններորդ միջազգային մրցույթին «Աշխարհի ամենահին ծառերը» արծաթե հուշադրամների հավաքածուն արժանացել է պատվավոր երրորդ մրցանակի՝ «Տարվա հավաքածու» անվանակարգում: Այս ձեռքբերումը լավագույնս արտացոլում է ՀՀ կենտրոնական բանկի թողարկումների բարձր հեղինակությունը նաև միջազգային ասպարեզում:

Արթուր Ջավադյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Հայսատանի Հանրապետության հուշադրամներ-2015

.