Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2016թ.
Հարգելի ընթերոցող․
«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2016» հանդեսը ներկայացնում է 2016 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք նվիրված են ինչպես հայ նշանավոր գործիչների հոբելյանական տարեդարձերին, այնպես էլ ազգային ու համաշխարհային կարևոր իրադարձություններին: 2016թ. նշանավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման 25-ամյա հոբելյանով: 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակած անկախությունը համազգային ձեռքբերում է, ամենամեծ հաղթանակը՝ հայության համար: Ի նշանավորումն այս պատմական իրադարձության՝ ՀՀ կենտրոնական բանկը 2016թ. թողարկեց «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» արծաթե հուշադրամը, որի գեղեցիկ ձևավորումն արժանացավ հասարակության հավանությանը: Տարին առանձնահատուկ էր նաև մի շարք հայ գործիչների հոբելյաններով: Հոբելյանական թողարկումները համալրեցին հայ անվանի անհատներին նվիրված հուշադրամների շարքը: V դարի հայ զորավար, ակնառու քաղաքական գործիչ և ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Վարդան Մամիկոնյանի ծննդյան 1625-ամյակին նվիրվեցին երկու տեսակի ոսկե հուշադրամներ: Այդ հուշադրամները մեծ հետաքրքրություն առաջացրեցին ինչպես դրամագետների ու հավաքորդների, այնպես էլ հասարակության լայն շրջանակներում՝ նշանավորելով հայերի պայքարի ու մաքառումի պատմական ուղին: 2016թ. հոբելյանական թողարկումներն ամփոփեցին հայ անվանի նկարիչներ Արշակ Ֆեթվաճյանի ծննդյան 150-ամյակին և Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամները: Հուշադրամներն ուղեկցող գրքույկներում ներկայացված ամփոփ տեղեկատվությունը հնարավորություն ընձեռեց լուսաբանելու արվեստի գիտակ, գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանի և մարդու ներաշխարհի հմուտ պատկերահան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ներդրումը հայ արվեստի զարգացման գործում: 2016թ. ՀՀ կենտրոնական բանկը շարունակեց մասնակցությունը միջազգային դրամագիտական ծրագրերին: Արդեն իսկ տարածում գտած և հասարակության կողմից սիրված «Էջմիածնի գանձերը» շարքին պատկանող հուշադրամներին ավելացան «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» և «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները: Այս երեք թողարկումները նույնպես ներկայացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահպանվող համաշխարհային և հայկական քրիստոնեական գանձերը: 2016թ. մեկնարկեց «Աշխարհի լաբիրինթոսները» միջազգային ծրագիրը, ընդգրկելով այնպիսի լանդշաֆտային կառույցներ, որոնք ոչ միայն ժամանցի վայրեր են, այլև կրում են համաշխարհային խաղաղության և սոցիալական ներդաշնակության գաղափարներ: Այդ ծրագրի շրջանակներում թողարկվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ու հայերի վերածննդի գաղափարը մարմնավորող «Բոստոնի լաբիրինթոսը» և միջազգային համագործակցությունը խորհրդանշող «Վաալսի լաբիրինթոսը» ինքնատիպ արծաթե հուշադրամները: Հպարտությամբ հայտնում եմ այն փաստը, որ 2016թ. Մոսկվայում կայացած «Դրամների համաստեղություն-2016» տասներորդ միջազգային մրցույթին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամը «Տարվա հուշադրամ» անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի: Այս ձեռքբերումը լավագույնս արտացոլում է ոչ միայն ՀՀ կենտրոնական բանկի թողարկումների բարձր միջազգային հեղինակությունը, այլև արտահայտում է հանրային որոշակի վերաբերմունքը՝ ուղղված աշխարհում ցեղասպանությունների բացառմանն ու դատապարտմանը:
Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2016
.