Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2018թ.

Հարգելի ընթերցող.
«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2018» տարեկան հանդեսը ներկայացնում է 2018թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, որոնք արտացոլում են տարվա հոբելյաններն ու իրադարձությունները:
Տարին լի էր պատմական նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններով:
2018թ. նշվեց ՀՀ ազգային արժույթի` դրամի ներդրման 25-ամյա հոբելյանը: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Սկսած 1994 թվականից` ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե և արծաթե հուշադրամնեի ավելի քան 300 անվանատեսակ` նվիրված հայ անվանի մարդկանց և պատմական ու ժամանակակից կարևոր իրադարձություններին: 2018թ. թողարկվեց հայկական թղթադրամների նոր շարքը` արդիական պաշտպանական տեխնոլոգիաների լավագույն նվաճումների կիրառմամբ: Ի նշանավորումն ազգային արժույթի 25-ամյա հոբելյանի` նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամը:
Տարին նշանավորվեց նաև Հայաստանի պետականաշինության պատմությունը խորհրդանշող` Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյա հոբելյանով:
1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրպետությունը: Հանրապետության հռչակմանը նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ մի քանի հարյուր տարի անց հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը: Նշանավորելով անկախ պետականության վերականգնման ու ամրակայման փաստը` ՀՀ կենտրոնական բանկը 2018թ. թողարկեց Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված արծաթե հուշադրամներ:
2018թ. լրացավ նաև Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այդ պատմական փաստի յուրահատուկ արձագանքը ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Երևան-2800» հուշադրամն է:
Այս տարի ևս ՀՀ կենտրոնական բանկը անմասն չմնաց համաշխարհային նշանակություն ունեցող սպորտային իրադարձությունների լուսաբանման ավանդույթից, ինչի արտահայտությունն է 2018թ. ՌԴ-ում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված գեղեցիկ հուշադրամի թողարկումը:
2018թ. թողարկվեցին «Հայկական գորգ» և «Աշխարհի կերամիկա» նրբագեղ հուշադրամների շարքերը: Կարճ ժամանակահատվածում այս թողարկումները մեծ հետաքրքրություն առաջացրին հավաքորդների և հանրության լայն շրջանակներում, ինչը բացատրվում է հուշադրամների գեղագիտական բարձր ճաշակով ու հայկական կիրառական արվեստի ներկայացման վարպետությամբ:
Անկասկած, այս հուշադրամները ոչ միայն համալրում են ՀՀ թողարկումների հարուստ ժառանգությունը, այլև դառնում են համաշխարհային դրամագիտության զարգացման ուղենիշներ:

Արթուր Ջավադյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2018թ.

.