Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2020թ.
Հարգելի ընթերցող.
Սիրով ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2020» տարեկան հանդեսը:
Ավանդույթի համաձայն՝ 2020թ. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է մի շարք հուշադրամներ՝ նվիրված հայ անվանի անհատների, այդ թվում՝ աշխարհահռչակ ֆրանսահայեր՝ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի և նկարիչ Ժանսեմի ծննդյան 100-ամյա, հայկական կինոյի և թատրոնի նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյա և տաղանդավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին: Այս մեծանուն անհատներից յուրաքանչյուրը, շնորհիվ կինոարվեստի, թատրոնի, նկարչության ոլորտներում ձեռք բերած վաստակի և հաջողությունների, իր ուրույն տեղն է զբաղեցրել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ:
2020թ. հատկանշական է եղել մեկ այլ հոբելյանով ևս. Նշվել է հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չավուշի ծննդյան 150-ամյակը: Այս հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Գևորգ Չավուշ-150» հուշադրամը՝ համալրելով հայոց պատմության տարբեր ժամանակահատվածների զորավարներին նվիրված հուշադրամների շարքը:
Նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար նշանավոր իրադարձություն էր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ՀՀ կենտրոնական բանկը, ի թիվս նախկին խորհրդային երկրների կենտրոնական բանկերի, 2020թ. թողարկել է հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշադրամ՝ դրանով ևս մեկ անգամ արժևորելով Հայրենական մեծ պատերազմում թշնամու դեմ հերոսաբար մարտնչած և նահատակված հայ ժողովրդի զավակների դերը հաղթանակի կերտման գործում:
Կարևորելով պետական հասարակական գործիչների դերակատարումը հայ ժողովրդի ազգային դիմագծի պահպանման գործում՝ թողարկվել է Ամենայն Հայոց 125-րդ Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին նվիրված հուշադրամը: Այս թողարկումով նշանավորվել է Խրիմյան Հայրիկի պատմական դերը հայ ժողովրդի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում և նրա անմնացորդ նվիրումը հայրենիքին:
2020թ. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է գեղարվեստական ձևավորմամբ և տեխնիկական բարդ լուծումների կիրառմամբ նախադեպը չունեցող «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը՝ սերտորեն համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Հավատարիմ մնալով ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականությանը արժույթի թողարկման ոլորտում, որը միտված է դրամանիշերի միջոցով հայ ժողովրդի դարավոր պատմության և մշակույթի տարածմանն ու ճանաչելիության ընդլայնմանը, յուրաքանչյուր տարի ՀՀ հուշադրամները ներկայացվում են մասնակցության միջազգային դրամագիտական մրցույթներում: 2020թ. Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամը, որը թողարկվել է 2019թ., զբաղեցրել է 3-րդ տեղը՝ «Տարվա հուշադրամը» անվանակարգում: Այս հերթական մրցանակը, անկասկած, գեղարվեստական ձևավորման բարձր մակարդակի և հատման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունք է:
Մարտին Գալստյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2020թ.
.